Իրանը փորձում է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հզորությանը՝ կիրառելով անհամաչափ ռազմավարություն՝ «պարտիզանական պատերազմ համաշխարհային տնտեսության դեմ», գրում է The Wall Street Journal պարբերականը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ուղղակի ռազմական բախման փոխարեն Թեհրանը ձգտում է ճնշում գործադրել համաշխարհային էներգետիկ շուկաների և միջազգային առևտրի վրա՝ վտանգելով հիմնական տրանսպորտային երթուղիներն ու ենթակառուցվածքները:
Ըստ թերթի տվյալների, չնայած իրանական ռազմական օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած լայնածավալ ավիահարվածներին, Իրանը շարունակում է կիրառել արագ և թիրախային հարձակումների մարտավարություն՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ծովային ականներ և փոքր մոտորանավակներ:
Այս ռազմավարության հիմնական թատերաբեմը դարձել է Հորմուզի նեղուցը՝ աշխարհի կարևորագույն էներգետիկ հանգույցներից մեկը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը: Նույնիսկ նավերի վրա սահմանափակ հարձակումներն ու նավագնացությանը սպառնացող վտանգները կարող են կտրուկ մեծացնել փոխադրողների ռիսկերը և հանգեցնել էներգակիրների գների թռիչքաձև աճի:
Ինչպես նշում է պարբերականը, ամերիկյան իշխանությունները փորձում են վերականգնել տարածաշրջանում անվտանգ նավագնացությունը: Քննարկվում են ռազմածովային ուժերի կողմից նավթային լցանավերի ուղեկցման և Պարսից ծոցում ԱՄՆ ներկայության ուժեղացման տարբերակները: Սակայն նման գործողությունները կապված են լուրջ ռիսկերի հետ, քանի որ Իրանը շարունակում է հարձակումներ իրականացնել «հարվածիր և նահանջիր» սկզբունքով, ինչը նավագնացության պաշտպանությունը բարդ խնդիր է դարձնում:
