Աջ պոպուլիստական Reform UK կուսակցությունը, ընտրություններում հաղթելու դեպքում, մտադիր է Մեծ Բրիտանիայում ստեղծել ամերիկյան Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) անալոգը՝ տարեկան 288 հազար մարդ արտաքսելու նպատակով։ Այս մասին նշված է կուսակցության նախագահ Զիա Յուսուֆի ելույթի քաղվածքներում, որոնք հայտնվել են The Guardian թերթի տրամադրության տակ։

«Մենք կապահովենք մեր սահմանների անվտանգությունը, դուրս կգանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից և կարտաքսենք նրանց, ովքեր այստեղ գտնվում են անօրինական կերպով։ Իմ ուղերձը բրիտանացի ժողովրդին պարզ է. ես կապահովեմ մեր սահմանների անվտանգությունը և այնպես կանեմ, որ դուք ձեզ ապահով զգաք», – ասված է ելույթում, որը Յուսուֆը պետք է արտասանի փետրվարի 23-ին։

Պարբերականը հստակեցնում է, որ Բրիտանական միգրացիոն գերատեսչության անալոգը կրելու է «Արտաքսումների բրիտանական հրամանատարություն» անվանումը։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունները թույլ կտան միաժամանակ կալանքի տակ պահել 24 հազար միգրանտի և տարեկան երկրից հեռացնել 288 հազար մարդու՝ օրական կազմակերպելով մինչև հինգ ավիաչվերթ։

Ինչպես գրում է The Guardian-ը, Յուսուֆը նաև կխոստանա «զրոյական հանդուրժողականություն կիրառել քաղաքականություն իսլամիստական ծայրահեղականության նկատմամբ»։ Մենք պաշտպանելու ենք բրիտանական մշակույթը, որովհետև առանց մշակույթի ազգն ամենևին էլ ազգ չէ, այլ ընդամենը տնտեսական գոտի։ Մենք կպահպանենք Բրիտանիայի քրիստոնեական ժառանգությունը և վերջ կդնենք եկեղեցիները մզկիթների կամ պաշտամունքի ցանկացած այլ վայրերի վերածելու սադրիչ պրակտիկային», – ասված է ելույթի քաղվածքներում։

Reform UK կուսակցությունը գլխավորում է հասարակական կարծիքի հարցումները՝ առաջ անցնելով թե՛ իշխող Լեյբորիստական և թե՛ ընդդիմադիր Պահպանողական կուսակցություններից։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հիմա, ապա «ռեֆորմիստների» առաջնորդ Նայջել Ֆարաժը վարչապետ դառնալու ամենամեծ շանսերը կունենար։

Share.