ԱՄՆ-ն և Իսրայելը կարծում էին, թե Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո առաջին իսկ օրերին կկարողանան զանգվածային անկարգություններ հրահրել Իսլամական Հանրապետությունում. հենց սա էլ դարձել է նրանց հիմնական սխալ հաշվարկը հակամարտության նախապատրաստման փուլում: Այս մասին ասված է կիրակի օրը The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության նախապատրաստման ընթացքում իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել մի պլան, որն «իրանական ընդդիմության ակտիվացում» է նախատեսում։ Ենթադրվում է, որ «Մոսադի» աջակցությամբ դա թույլ կտա «խռովություններ հրահրել» Իսլամական Հանրապետությունում։ Բարնեան այս առաջարկը ներկայացրել է նաև [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի անդամներին՝ հունվարի կեսերին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ «Նեթանյահուն հավանություն է տվել այդ պլանին։ Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն ու իսրայելական այլ հետախուզական ծառայությունների որոշ աշխատակիցներ կասկած են հայտնել դրա իրագործելիության վերաբերյալ, նա [Նեթանյահուն] և նախագահ Թրամփը, ըստ ամենայնի, լավատեսորեն են տրամադրված եղել դրա հանդեպ», — նշում է պարբերականը։

Ինչպես նշված է հոդվածում. «Պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց Իրանում այդպես էլ ապստամբություն տեղի չունեցավ»։ «Այն համոզմունքը, թե Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են օգնել հրահրելու զանգվածային ապստամբություն, առանցքային սխալ հաշվարկ էր պատերազմի նախապատրաստման հարցում, որն ընդգրկել է ողջ Մերձավոր Արևելքը», — ընդգծվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նշում է, որ «ամերիկացի պաշտոնյաները հիմնականում դադարել են հրապարակավ արտահայտվել Իրանում ապստամբության հնարավորության մասին, սակայն նրանցից ոմանք նախկինի պես հույս ունեն, որ այն կարող է տեղի ունենալ»։

Share.