ԵՄ երկրները հունվարի 27-ից կդադարեն 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը

Միայն Ավստրիան և Գերմանիան կշարունակեն թղթադրամների թողարկումը մինչև ապրիլի 26-ը

Եվրոգոտու 17 երկրների կենտրոնական բանկերը հունվարի 27-ից կդադարեցնեն 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը, գրում է La Republica օրաթերթը:
Որոշման պատճառն այն է, որ իշխանություններն այդ թղթադրամը վճարման ոչ ապահով միջոց են համարում, որի շրջանառությունը կարող է նպաստել ապօրինի գործունեություններին: Այժմ շրջանառության մեջ 500 եվրո արժողությամբ 520 մլն թղթադրամ կա՝ 260 մլրդ եվրո ընդհանուր արժեքով:
«2019թ.-ի հունվարի 27-ից սկսած Եվրոգոտու կենտրոնական բանկերը կդադարեցնեն 500 եվրո արժողությամբ թղթադրամի թողարկումը»,- ասված է Եվրոպական կենտրոնական բանկի՝ շաբաթներ առաջ տարածած հաղորդագրության մեջ:
Որոշումից դուրս են մնում Ավստրիան և Գերմանիան: Այդ երկրների բանկերը կշարունակեն մինչև ապրիլի 26-ը թողարկել թղթադրամները:
Քաղաքացիները կկարողանան առանց ժամանակային սահմանափակման բանկերում փոխանակել շրջանառության մեջ գտնվող թղթադրամները: