Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ՍԴ դիրքորոշման վերաբերյալ

Հայտարարւթյուն

ա

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ ս. թ. մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ օրենքը հեղինակել է ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր: Որպես նախագիծ շրջանառվելիս այն հիմնավոր քննադատության արժանացավ ոչ միայն ներքոստորագրյալ կազմակերպությունների, այլև լրագրողական լայն համայնքի և միջազգային կառույցների («Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» և այլն) կողմից։ Մասնավորապես՝ այդ խնդրի առնչությամբ մենք հանդես ենք եկել մի շարք հայտարարություններով, որոնցից վերջինում , օրենքի ընդունման օրը, կոչ ենք արել ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը և արվեց։

Սակայն Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն հիասթափության ու տարակուսանքի, այլև վրդովմունքի տեղիք է տալիս։ Այն հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։ Ավելին՝ ՍԴ ընդունած այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է նույն մարմնի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման մի քանի դրույթներին և ընդհանուր ոգուն։ Այսպես, 10 տարի առաջ պահանջ ներկայացնելով առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը (թեև այլ կազմով), ըստ էության, հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմերի եռապատիկ բարձրացում։ Հասկանալի է, որ սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար, որպեսզի նման գործերով նրանք ավելի մեծ գումարներ բռնագանձեն, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, բայց նաև պնդում ենք, որ անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը։

Այս օրենքի ընդունումը հատկապես տագնապալի է ԶԼՄ-ներին վերաբերող իրավական կարգավորումների անհամաչափ կոշտացման և կիրառվող նոր սահմանափակումների համատեքստում։ Այդ ռեգրեսիվ գործընթացի մաս են կազմում այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա միջոցով հանրային ու պետական գործունեություն իրականացնողներին, մի քանի այլ խմբերին առավել պաշտպանության տակ առնելը, ինչպես նաև՝ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում կատարելու արգելքի, պաշտոնյաների գործուղումների և դրանց հետ կապված ծախսերի, մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալներ չհրապարակելու նախաձեռնությունները և այլն։

Արձանագրելով, որ ամբողջ պետական համակարգը փաստորեն ի զորու չեղավ պաշտպանել ԶԼՄ-ներին անհիմն ու անհամաչափ սահմանափակումներից և իրավական ճնշումներից, պահանջում ենք.

  • Ազգային ժողովից՝ վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից, որից հետո մասնագիտական բաց քննարկումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու համար,
  • ՀՀ նախագահից, ՍԴ-ից, բոլոր քաղաքական ուժերից՝ նպաստել ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու գործընթացին և ակտիվորեն հակազդել հետադիմական օրենսդրական նախաձեռնություններին,
  • միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել։

 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ