«Արմենիա»-ն եւ «A TV»-ին հնարավոր է վաճառքի հանվեն, «Շանթ»-ը սնանկության եզրին է․ Հեռուստադաշտում աղետալի վերաձեւում է ընթանում

Մանրամասներ

1

Հայաստանյան հեռուստադաշտում աղետալի վերաձեւում է ընթանում, հնարավոր է մի քանի հեռուստաընկերություններ շուտով չլինեն։ Պատճառը հիմնականում առաջացած ֆինանսական խնդիրներն են եւ ոչ միայն։ Մեզ փոխանցեցին, որ, օրինակ, «Արմենիա» եւ «A TV» հեռուստաընկերությունները շուտով հնարավոր է վաճառքի հանվեն, քանի որ հեռուստաընկերություններն ունեն մեծ վարկային պարտավորություններ, ի դեպ, խոսքը գրեթե աստղաբաշխական թվերի մասին է՝ մինչեւ 13 մլն դոլար, եւ սեփականատերը հոգնել է այդ ծախսերը հոգալուց՝ գումարած վարկերը, քանի որ, ըստ էության, քաղաքական որեւէ խնդիր չի դրել իր առաջ, եւ այդ TV-ները պահելն էլ բացի հոգսից այլ առավելություն չի տալիս։ «Արմենիա» եւ «A TV» հեռուստաընկերությունների 100% բաժնետոմսերը, հիշեցնենք, Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունն են։

Սակայն շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել «Շանթ» հեռուստաընկերությունը, որը սնանկության եզրին է, բայց եթե «Արմենիայի» դեպքում սեփականատերը հնարավորություն ունի վաճառել հեռուստաընկերությունն ու ազատվել գլխացավանքից, ապա «Շանթի» դեպքում իրավիճակն այլ է։ «Շանթի» բաժնեմասերի 50 %-ը պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սերգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, ում ողջ գույքի վրա այս իշխանությունը կալանք է դրել, ուստի հեռուստաընկերությունը չի կարող վաճառվել, այն հավանական է գնա սնանկացման ճանապարհով, այսինքն՝ «Շանթը» սնանկ ճանաչվի, որից հետո ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը նոր մրցույթ կհայտարարի՝ թափուր սլոթի համար։

«Երկիր մեդիայի» գործերը նույնպես փայլուն չեն՝ ՀՅԴ ֆինանսական խնդիրները նոր չեն։ Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն է պատրաստակամություն հայտնել հեռուստաընկերությանն օժանդակելու, սակայն ընտրություններից հետո փոշմանել է՝ մտածելով, որ որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժ, այսպես թե այնպես, ընդդիմադիր լրատվամիջոցներն առանց որեւէ շահի աջակցելու-լուսաբանելու են իրենց գործունեությունը, իսկ «Երկիր մեդիայի» մասին թող Դաշնակցությունը մտածի։

Հեռուստադաշտի ամենակայացած հեռուստաընկերություններից մեկը՝ «Արմնյուզն» էլ կարծես լավ վիճակում չէ․ «Քառյակ մեդիան», որը գործում էր Միքայել Մինասյանի աջակցության ներքո, վերակառուցման փուլ է մտել՝ կրճատումներ, երկարատեւ արձակուրդներ, գուցե նաեւ սեփականատերերի փոփոխություն տեղի ունենա։

«Նման խոսակցություններ տարին, կարելի է ասել, 12 անգամ լինում են, այսինքն՝ ամեն ամիս։ Կխնդրեի գրավոր դիմեք, մենք գրավոր կերպով կպատասխանենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Արմենիա TV»-ի PR պատասխանու Հայկուհի Ասատրյանը։

«Ես ոչ մի ձեւ չեմ կարող մեկնաբանել Ձեր ասածները, կներեք։ Պրն Եզեկյանը տեղում չէ, դուրս գալուց էլ ոչինչ չի ասել։ Ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»,- ասացին Արթուր Եզեկյանի ընդունարանից։

Մեզ չպատասխանեցին նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովիից։ Նախագահ Տիգրան Հակոբյանի բջջային երկու հեռախոսահամարն էլ անհասանելի էին, իսկ հանձնաժողովի անդամների, քարտուղարի աշխատասենյակների հեռախոսներին պատասխանող չկար։ Մեզ ասացին, որ հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, արձակուրդում է։

«Հրապարակ»