Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հետ կապված վիճակը չէի ընդունի իբրեւ պատմության ավարտ: Այս մասին տեսակամրջի ժամանակ հայտարարել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեն Մարկեդոնովը:
«Շատերն իրավիճակն այնպես ընդունեցին. Եթե հրադադար է սահմանվել, բանակցություններ են ընթացել 9 ժամ, ապա հակամարտությունը կարգավորվել է: Եթե այն չի կարգավորվել գրեթե 30 տարի, ապա ինչո՞ւ կա նման վստահություն, որ մեկ օրում կարող է կարգավորվել»,-նշել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ հակամարտությունների եւ խաղաղապահ գործընթացների ամբողջ պատմությունն ուղեկցվում է հրադադարների ձեռքբերմամբ եւ դրանց խախտմամբ:
«Ի՞նչ է անելու Ռուսաստանը: Ռուսաստանն արդեն անում է. այսօր կայացել է դիվանագիտական փուլ, եւ նման փորձերը հետագայում եւս կձեռնարկվեն, քանի որ Ռուսաստանի համար իր հարավային սահմաններում ռազմական կոնֆլիկտը ոչ այդքան հետաքրքիր իրավիճակ է, հատկապես այդ կոնֆլիկտի միջազգայնացումը, եւ հատկապես կոնֆլիկտին երրորդ երկրների միջամտությունը: Մենք արդեն նման սպառնալիքի հետ բախվել ենք Հյուսիսային Կովկասում, այդ պատճառով այդ ամենը շատ լուրջ եւ վտանգավոր է պարզապես հետեւելու համար: Այստեղ մի խնդիր կա, որը բնորոշ է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Ես նկատի ունեմ տեղեկատվական ակտիվությունը: Առաջին շաբաթների ընթացքում տպավորություն էր, թե Մոսկվան լռում է: Սակայն դա այդպես չէ, դիվանագիտական ջանքերը հաճախ թաքցվում են լայն հասարակաությունից: Եվ դա պասիվություն չի նշանակում: Հաճախ ասում են՝ ինչո՞ւ Մոսկվան իրեն չի պահում Անկարայի պես: Հավանաբար այն պատճառով, որ մենք Անկարա չենք: Մենք այդ իրավիճակում այլ տեսլականներ ունենք, այլ հայացքներ: Ռուսաստանի համար կարեւոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Մոսկվայի համար կարեւոր է վերադարձնել իրական դիվանագիտական ձեւաչափը, որը երկար ժամանակ դադարեցված էր: Ապրիլից ԱԳ նախարարներն անցել էին շփման հեռավար ռեժիմի: Դրանից հետո եղավ հուլիսյան էսկալացիան, ապա Ադրբեջանում փոխվեց ԱԳ նախարարը, փոխվել դիվանագիտական բլոկը: Դիվանագիտական ձեւաչափն ու դրան վերադարձը մեծ պլյուս է, սակայն պետք է համբերությամբ զինվել, դա շատ բարդ աշխատանք է»,-հավելել է Մարկեդոնովը:
Նա նկատել է, որ Երեւանում ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումն անցել է մեծամասամբ այդ իրադարձությունների ազդեցության ներքո:
«Բարդ իրավիճակ է նաեւ Ղրղզստանում, որի բացակայությունը նիստին շատ հարցեր է առաջացնում այն մասին, որ առանց անվտանգության հարցերի լուծման տնտեսական ինտերգրումն անհնար է: Եթե խոսենք ինտեգրման կովկասյան ուղղության մասին, ապա այն որոշակի հեռանկարներ ունի, քանի որ Եվրասիական տնտեսական միությունն առաջին օրից ներառում էր, պայմանականորեն ասած, միկրո- եւ մակրոնախագծեր: Առաջինը վերաբերում էր Միության նախաձեռնող երկրներին, իսկ երկրորդը՝ մեծ Եվրասիային՝ ինտեգրմանը այլ երկրների եւ հարեւանների ներգրավվմամբ, ներառյալ՝ Իրանի, որը կարող էր ԵԱՏՄ-ի հետ կապը հաստատել Հայաստանի միջոցով: Մեծ Եվրասիայի նախագիծը ակնհայտորեն կիրականանա այն ժամանակ, երբ կարգավորվածության շատ հարցեր լուծվեն: Եթե խոսենք ԵԱՏՄ ներսում կարգավորվածության մասին, ապա խոսքը անվտանգության հարցերի ավելի որակով կարգավորման մասին է»,-եզրափակել է փորձագետը:
Աղբյուրը՝ news.am
0Comments