Ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քան միայնակները

Քիչ է, որ ամուսնացածների մահացության մակարդակը ցածր է, այն նաեւ ավելի է նվազում, քան ցանկացած այլ խմբում

Ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քան միայնակները, եւ կյանքի տեւողության տարբերությունն այդ երկու խմբերի միջեւ աճում է, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Համաձայն Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի (NCHS), որը մտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կազմի մեջ, նոր հետազոտության՝  2010-2017 թվականներին մահացության մակարդակն ամուսնացած կանանց շրջանում՝ տարիքի ճշտմամբ, նվազել է 7 տոկոսով։

«Քիչ է, որ ամուսնացածների մահացության մակարդակը ցածր է, այն նաեւ ավելի է նվազում, քան ցանկացած այլ խմբում»,- ասում է հետազոտության հեղինակ Սալի Քերթինը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մահացության մակարդակը երբեք չամուսնացածների շրջանում նվազել է միայն 2 տոկոսով, այն դեպքում, երբ ամուսնալուծվածների համար այն առհասարակ չի փոխվել։

Ամենից վատ վիճակն այրիների պարագայում է. մահացության մակարդակն աճել է 6 տոկոսով։ Հետազոտողների խոսքով՝ նրանք ունեն մահացության ամենաբարձր մակարդակը բոլոր խմբերում։

Ամուսնացած տղամարդիկ 2017-ին ունեցել են մահացության 943 գործակից 100 հազար մարդուց՝ տարիքի ճշտմամբ, 2239 ամուրիների համեմատ։ Մահացությունը կազմել է 1735՝ 100 հազարից ամուրիների եւ 1773՝ ամուսնալուծված տղամարդկանց համար։

Մահացության մակարդակն ամուսնացած կանանց շրջանում կազմել է 569՝ 100 հազարից, ինչը երկուսուկես անգամ ցածր է, քան այրիների պարագայում՝ 1482։ Մահացությունը կազմել է 1096 ամուսնալուծված եւ 1166՝ երբեք չամուսնացած կանանց համար։

Նյու Յորքի Իկանի Բժշկական դպրոցի գերիանտրիայի եւ պալիատիվ բժշկության ամբիոնի դոցենտ Քեթրին Օրնշտեյնի խոսքով՝ դա մասամբ կարելի է բացատրել այն փաստով, որ լավ առողջություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են ամուսնանում։

Փորձագետների խոսքով, երբ մարդիկ ամուսնանում են, ունենում են բազմաթիվ նյութական եւ ոչ նյութական առավելություններ, որոնք օգտակար են առողջության համար։

«Ամուսնացած լինելը նաեւ նշանակում է, որ կա մեկը, ով հետեւում է ձեզ եւ ամրապնդում առողջ վարքը»,- ասել է Մերիլենդի նահանգի համալսարանի Ազգաբնակչության հետազոտական կենտրոնի տնօրեն Մայքլ Ռենդալը։

Վերջապես, ամուսնությունը կանխում է առողջական խնդիրները՝ կապված միայնության եւ մեկուսիության հետ, ասել է Օրնշտեյնը։ «Սոցիալական աջակցությունը եւ սոցիալական ակտիվությունն ամուսնության մեջ հսկայական առավելություն են հոգեկան եւ ֆիզիկական առողջության համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այրիները եւ ամուրիները ստիպված են գործ ունենալ հոգեկան ցավի, միայնության եւ ֆինանսական սթրեսի հետ։ Նրանք այլեւս զուգընկեր չունեն, որը կհետեւեր նրանց, դրա համար ավելի հաճախ անտեսում են իրենց առողջությունը։

Հետազոտության ընթացքում վեր են հանվել որոշ գենդերային տարբերություններ։ Թեեւ մահացության մակարդակն ամուսնացած տղամարդկանց եւ կանանց շրջանում նվազել է նույն՝ 7 տոկոսով, մահացության ընդհանուր մակարդակը կանանց շրջանում մի փոքր ավելի ցածր էր։