Սննդային հավելումներ, որոնցից հարկավոր է խուսափել

Բնական ներկանյութերն օգտագործվում են խիստ հազվադեպ, ուստի սովորաբար կիրառվում են սինթետիկ ներկանյութեր, որոնք կարող են խիստ վնասակար լինել

Սնունդն ավելի գրավիչ դարձնելու համար արտադրողները դրան մեծ քանակությամբ տարատեսակ հավելումներ են ավելացնում, սակայն դրանցից ոչ բոլորն են անվտանգ մարդու առողջության համար, իսկ որոշներն անգամ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնագետները ներկայացրել են այն հավելումները, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել:

Ներկայունթեր

Բնական ներկանյութերն օգտագործվում են խիստ հազվադեպ, ուստի սովորաբար կիրառվում են սինթետիկ ներկանյութեր, որոնք կարող են խիստ վնասակար լինել:

Դեղին գույն ստանալու համար կիրառվում են Е102, Е104, Е110 ներկանյութերը, որոնք կարող են խիստ վնասակար լինել: Е102 ներկանյութը նպաստում է մաշկային ցանի ու շնչառական հիվանդությունների զարգացմանը: Ավելին՝ գիտնականները ենթադրում են, որ այն կարող է անգամ քաղցկեղածին ազդեցություն ունենալ: E104 հավելումն իր հերթին կարող է երեխաների մոտ ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի զարգացման պատճառ դառնալ: Բացի այդ, այն նպաստում է կեղծ ալերգիայի զարգացմանը, որը դրսևորվում է ալերգիայի «դասական» ախտանշաններով, սակայն չի առաջացնում իմունային ռեակցիա:

Կարմիր ներկանյութերն են Е122, Е123, Е124, Е127, Е129 հավելումները, որոնք կիրառվում են մսի և ձկան փոխարինիչների, սոուսների, կոնֆետների ու ջեմերի մեջ և կարող են առողջական խնդիրների զարգացման պատճառ դառնալ:

E122, E124, E129 հավելումները նպաստում են երեխաների մոտ ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի, ինչպես նաև կեղծ ալերգիաների զարգացմանը, մինչդեռ E127 ներկանյութը կարող է դառնալ վահանագեղձի հիվանդությունների պատճառ:

Գիտնականները կասկածում են, որ E123 ներկանյութը կարող է վնասել երիկամները: Ավելին, ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ, ուստի այս ներկանյութն արգելված է ԱՄՆ-ում:

Շագանակագույն երանգ ստանալու համար կիրառվում են E150, E151, E154, E155 ներկանյութերը: Այս հավելումներն օգտագործվում են թխվածքներում, կոնֆետներում, սոուսներում ու ապխտած մթերքում: ԱՄՆ-ում Е150 նարկանյութը պարունակող մթերքն ունենում է հատուկ մակնշում, որով նախազգուշացվում է քաղցկեղով հիվանդանալու պոտենցիալ վտանգի մասին, իսկ E154 և E155 ներկանյութերը կարող են դառնալ ներքին օրգանների վնասվածքների պատճառ:

Պահածոյացնող նյութեր

Կոնսերվանտները կանխում են բակտերիաների, բորբոսի ու խմորասնկերի աճը, ուստի դրանց գործածությունը բավական կարևոր է, սակայն կան կոնսերվանտներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել:

Օրինակ՝ E220 կոնսերվանտը՝ ծծմբի երկօքսիդը, լայն կիրառություն ունի և օգտագործվում է չորամրգերի ու պատրաստի ուտեստների պահպանման ժամկետը երկարացնելու համար, սակայն այն կարող է դառնալ գլխացավերի, սրտխառնոցի և փորլուծության պատճառ:

Մսամթերքի արտադրության ոլորտում լայն կիրառություն ունեն Е249 և Е250 կոնսերվանտները, որոնք օժտված են անոթները լայնացնող ու հիպոտենզիվ հատկություններով, ինչը հատկապես վնասակար է երեխաների համար:

Կայունացուցիչներ

Այս հավելումները կիրառվում են սննդի խտության կարգավորման համար: Դրանց մի մասը համարվում է բացարձակապես անվնաս, սակայն կան նաև այնպիսինները, որոնք որոշակի առողջական խնդիրներ են առաջացնում:

Օրինակ՝ E407 հավելումը, որը կիրառվում է սոուսների, պուդինգների ու կետչուպների մեջ, չի յուրացվում և դուրս է գալիս օրգանիզմից չմարսված վիճակում, սակայն միաժամանակ այն վատթարացնում է աղիներում սննդարար նյութերի յուրացման գործընթացը: Նմանատիպ բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև E425 կայունացուցիչը, որը կիրառվում է բրնձից պատրաստվող ֆունչոզայի մեջ:

Համն ուժեղացնող նյութեր

E620-ից մինչև E625-ը ներառյալ բոլոր հավելումները՝ գլյուտամատները կիրառվում են սննդի համն ավելի վառ դարձնելու համար, սակայն դրանք կարող են կախվածություն առաջացնել՝ ստիպելով ավելի շատ ուտել: Սակայն կախվածությունը գլյուտամատների միակ վտանգավոր հետևանքը չէ. այս նյութերը կարող են դառնալ նաև միգրենի, որովայնի ցավերի և անգամ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ, ուստի խորհուրդ է տրվում խուսափել դրանցից:

Քաղցրացուցիչներ

Կենդանիների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ E951 քաղցրացուցիչը, որը հայտնի է նաև որպես ասպարտամ, կարող է հանգեցնել գլխացավերի ու հիշողության կորստի, իսկ գազավորված ըմպելիքներում կիրառվող E999 քաղցրացուցիչը նվազեցնում է արյան բջիջների քանակը կամ սահմանափակում է դրանց գործառույթները:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru