Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել օդի աղտոտվածության եւ երեխաների IQ-ի միջեւ: Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի մասնագետները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են PM10 մասնիկների վրա: Սա մթնոլորտային օդի լայնորեն տարածված աղտոտիչ է, որը ներառում է օդում կախված վիճակում գտնվող պինդ եւ հեղուկ մասնիկների խառնուրդ:
Հետազոտության շրջանակում վերլուծելով 1005 երեխաների տվյալները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հղիության ժամանակ աղտոտված օդ շնչելը ներարգանդային զարգացման փուլում երեխայի վրա բացասաբար է ազդում: Փորձագետների կարծիքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ թունավոր մասնիկները կարող են անցնել ընկերքով եւ առաջացնել գլխուղեղի վնասվածք:
Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ սաստիկ աղտոտված շրջաններում բնակվող երեխաների IQ-ն եղել է 2,5-6,8 միավորով ավելի ցածր, քան նրանց այն հասակակիցներինը, որոնք բնակվել են էկոլոգիապես ավելի մաքուր տարածքներում:
Մասնագետները նշում են, որ աղտոտված օդի կործանարար ազդեցությունից պտղին կարող է պաշտպանել հղիության ժամանակ ֆոլաթթվի ընդունումը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Research ամսագրում:
0Comments