Էլեկտրոնային ծխախոտների միջոցով տարբեր օծանելիքների եւ անուշաբույր հավելումների գոլորշիացումը կարող է թոքերի բջիջների մահվան պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Ադելաիդայի համալսարանի եւ Ադելաիդայի թագավորական հիվանդանոցի գիտնականները։
Xinhua-ն գրում է, որ փորձագետները ստուգել են էլեկտրոնային ծխախոտի լիցքվորման համար երեք տարբեր ապրանքանիշի հեղուկների թունավորության աստիճանը։ Պարզվել է, որ նույնիսկ այն հեղուկները, որոնք նիկոտին չեն պարունակել, շնչառական ուղիները պատող էպիթելային բջիջների մահվան պատճառ են դարձել։ Ավելին, էլեկտրոնային ծխախոտի գոլորշին, ինչպես պարզվել է, իմունային համակարգին թույլ չի տալիս նորմալ ազատվել մեռած բջիջներից։
Փորձագետներն անհանգստացած են նրանով, որ էլեկտրոնային ծխախոտների լիցքվորման նյութերը հայտնվել են, այսպես կոչված, «մոխրագույն գոտում»՝ ոչ ոք չի հետեւում, թե նիկոտինից բացի, էլ ինչ վտանգավոր նյութեր են պարունակում այդ հեղուկները։ Չկա օրենք, որը կպահանջի տուփի վրա նշել հեղուկի ստույգ բաղադրությունը։ Գործնականում պարզվում է, որ բոլոր հեղուկները սկզբունքորեն տարբերվում են, նույնիսկ եթե դրանք նույն արտադրողի ապրանքն են, սակայն տարբեր համերով։ Եվ կանխատեսել, թե ինչպես կարող է այդ հեղուկը ազդել մարդու օրգանիզմի վրա, հնարավոր չէ։
0Comments