Ճոխ ծախսերս գաղտնի թող մնան․ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետքերով

Այսինքն առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, համաձայն որի՝ պետք է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն գնաց․«Այսինքն առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց՝ ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար ահաբեկչական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»։

Նա նշեց, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է` ինչու է վարչապետը միտումնավոր խեղաթյուրում իրենց առաջարկը․ «Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին՝ իբր թե Լուսավորը ցանկանում է թշնամական պետության հետախուզական մարմիններին տեղեկատվություն տրամադրել։ Կամ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ն այնքան անմշակ նախագիծ է բերել խորհրդարան, որ նման հնարավորություն է տալիս թշնամական հետախուզությանը կամ տեռորիստներին»։

Կառավարության ներկայացուցիչներին, ովքեր դիտավորյալ նենգափոխել են իրենց առաջարկի էությունն ու բովանդակությունը, Մարուքյանը հորդորում է ավելի ուշադիր կարդալ նախագիծը։ Այդ դեպքում գուցե նրանց պարզ կդառնար, որ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։ Այսինքն, եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որևէ տվյալ, ապա այն բնականաբար չի կարող հանրայնացվել և այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում։ Ընդ որում, բացարձակապես չի առաջարկվել նշել, թե օրինակ վարչապետը որ հյուրանոցում և ինչ ճաշ է պատվիրել։ Առաջարկվում է նշել, թե օրինակ հյուրանոցային ծախսը, օրապահիկը և այլ հարակից ծախսերը որքան են կազմել։ Ինչպես և չի առաջարկվում հայտնել, թե օրինակ որտեղ է նախագահն ուղարկել մեքենան՝ մասերը փոխելու համար, սակայն անհրաժեշտ ենք գտնում հրապարակայնացնել ծառայողական մեքենաների տեխնիկական սպասարկման վրա ծախսված միջոցները՝ նշելով, թե ինչ աշխատանք է կատարվել (ոչ թե որտեղ) և յուրաքանչյուր մասն ու աշխատանքն ինչ է արժեցել պետության՝ հարկատուների համար։

«Բոլոր տեղյակներին և անտեղյակներին ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը, սակայն Սերժ Սարգսյանը հենց այս օրենքով դրանք դարձրել է դասակարգված տեղեկատվություն»։ Փաստորեն, ամեն օր Նիկոլ Փաշինյանը կարող է ապացուցել, որ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից ինքը չի հրաժարվում։2014 թ «Գնումների մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի է Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի սննդի ձեռք բերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի հետ կապված գործառնությունները գաղտնի պետք է մնան: Տարիներ առաջ այդ նախագիծն արժանացավ ընդդիմադիրների բուռն քննադատություններին, հիմա Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի ընդունած օրենքներից հերիք չի, խեղաթյուրում է նաեւ ընդդիմադիրների նախագիծը, քանզի հանրությանը իր շռայլ ծախսերի մասին չհայտնելու ՀՀԿ-ի ընդունած օրենքը Փաշինյանի իշխանության սրտով է, գրում է hayeli.am: