Չորս ամիս է՝ ՀՀԿ-ն իշխանության չէ, լուրջ ներդրում կա՞

Վարչապետն իշխանության գալուց հետո ասում էր, որ հանրապետականները խանգարում են իշխանություններին, այդ պատճառով էլ ներդրումներ չկան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ «Սպայկայի» տնօրենի ձերբակալությունն իրավապահ մարմինները պետք է փոխարինեին այլ քայլով, որպեսզի իրավիճակը չլարվեր։ Ավելին՝ ձերբակալության հետ կապված հարցեր են առաջանում, թե ինչպես եղավ, որ խոշոր սուպերմարկետներից մեկի ցանցում ստուգում են իրականացնում, ինչ-որ բաներ հայտնաբերում, հետո տուգանքով ամեն ինչ ավարտվում է, բայց «Սպայկայի» դեպքում տնօրենին կալանավորում են, ինչո՞ւ։

«Վարչապետն իշխանության գալուց հետո ասում էր, որ հանրապետականները խանգարում են իշխանություններին, այդ պատճառով էլ ներդրումներ չկան: Հիմա չորս ամիս է՝ ՀՀԿ-ն իշխանության չէ, լուրջ ներդրում կա՞։ Ամուլսարի խնդիրը կա, որին պետք է լուծում տրվի, այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում ներդրում չկա, բայց խոշոր ձեռնարկություններից մեկի ղեկավարին, որը նաև ներդրող է, ձերբակալում են։

Ի՞նչ են կարծում, սա ինչպե՞ս կանդրադառնա դրսի և ներսի ներդրողների վրա, դրանից հետո ո՞ր ներդրողը կգա։ Պետք է խնդիր դրվի, թե, օրինակ, այդ ձերբակալություններով ինչ խնդիր է լուծվում, կարող են խնդիր դնել, որ տարիներ շարունակ անձը հարկեր չի մուծել, պետք է մուծի, պետք է գնան հաշտեցման, որպեսզի բիզնեսի աշխատանքները չկանգնեն, և ներդրումներ լինեն։ Հիմա ի՞նչ խնդիր է դրված՝ բոլորին կալանավորե՞լ, թող կալանավորեն, թե՞ խնդիր է դրված Հայաստանում տնտեսությունը զարգացնել»,- ասաց Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ այս պահին վարչապետ Փաշինյանը լուծում է բյուջեն լցնելու խնդիրը, որտեղ գումար չկա։