ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն էր, որը չէր բավարարում մեր ժողովրդի հիմնական սպասելիքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ալիեւն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով անհասականալի էր, լիարժեք պատասխանը չկա, լիարժեք շեշտադրումը չկար։ 29 տարի է՝ հայ ժողովուրդն արցախցին այդ խնդիրը լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով, եւ դե ֆակտո անկախ պետություն է։ Այսօր ինչպես Արցախն է, նույնն էլ Ադրբեջանն է, նույն իրավունքներն են»,–շեշտեց նա։
ԲՀԿ առաջնորդը վստահ է՝ դե յուրե Արցախի անկախության հարցը պետք է շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների:
Ծառուկանը շեշտեց՝ ողջունելի է, որ երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, սակայն, նրա համոզմամբ՝ այն, ինչ հանրությունը սպասում էր, դրա պատասխանը լիարժեք չտրվեց։
«Կարող ա մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, բավարար չէր»։
Նա ընդգծեց նաեւ՝ Արցախի հարցում մեզ համար ցանկալի լուծումը Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականության մեջ է. «Եթե Ադրբեջանը 20 տարի ձայն չէր հանում, նստած լռում էր, զինվելով ամեն ինչ կարգավորելով, այսօր բարձրաձայնում է եւ ոչ մի խաղաղ բանակցության մասին նա չի խոսում, միշտ ահաբեկելով զենքով, դրա համար մեր պետության եւ Արցախի ապագայի հետ կապված խնդրում կապ չունի ընդդիմություն թե իշխանություն, ազգովի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք պետք է միասնական լինեն, համախմբվեն եւ ինչ ունենք՝ կարճ ժամնակում պետք է կրկնապատկենք, եռապատկենք, ուժեղի հետ են հաշվի նստում, միակ լուծումը միասնությունն է»։
0Comments