«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:
Հայաստանի իշխանությունները, երբ հակառուսական հայտարարություններ են անում, չեն մտածում, որ իրավիճակը ուղիղ համեմատական կերպով ազդելու է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կամ այնտեղ մեկնող հայերի համար։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ «ՌեդՎինգս» ավիաընկերությունը երեկ՝ Միներալնիե Վոդի-Երևան թռիչքի ժամանակ, զգուշացրել է ուղևորներին, որ դեկտեմբերի 1-ից հայ ուղևորները դեպի Մոսկվա մեկնելիս ավելի խիստ կարգով են անցնելու ստուգումները։
Նոյեմբերի 29-ի թռիչքի ժամանակ արդեն ուղևորներին ծանուցել են թռիչքից 3 ժամ շուտ գալ օդանավակայան, որպեսզի ստուգումները խիստ կարգով անցկացնեն։
Ըստ երևույթին, սա դիվանագիտական քայլ է՝ ՀՀ իշխանություններին խեղճացնելու համար։ Իսկ պատճառը մեկն է՝ ՀԱՊԿ երկրների հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ներկա չգտնվելը, հակառուսական հայտարարությունները և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելը։
Իսկ Մոսկվան գիտի Հայաստանին սթափեցնելու ուղիղ ճանապարհը. ազդել ՌԴ մեկնող և աշխատող քաղաքացիների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել «ՌեդՎինգս» ավիաընկերության հետ, սակայն որևէ պատասխան չկարողացանք ստանալ»:
0Comments