Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանի գլխավոր հատակագիծը, որպես չզեկուցվող հարց, ներկայացվեց ավագանու հաստատմանը, որն ընդունեց այն ձայների 32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Ուսումնասիրելով Երեւան քաղաքի հաստատված նոր գլխավոր հատակագիծը՝ տարբեր հարցերի շուրջ հետաքրքիր կազուսների ենք հանդիպում, որոնք հետաքրքրական են ոչ միայն մասնագիտական շրջանակների համար։
Նախ՝ նոր գլխավոր հատակագծի անվանման եւ գործողության ժամկետների մասին:
Համաձայն 2024թ․ սեպտեմբերի 6-ի Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության՝ Երեւան քաղաքի ավագանու 2024թ․ սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգի 24-րդ հարցն ավագանու նիստի օրակարգ մտել եւ քննարկվել է «Երեւան քաղաքի մինչեւ 2030 թվականի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» անվանումով: Այսինքն՝ ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի գործողության ժամկետ սահմանվել է մինչեւ 2030 թվականը:
Սակայն հրապարակված Երեւան քաղաքի ավագանու 2024թ․ սեպտեմբերի 10-ի N204-Ն որոշումը կոչվում է «Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին»:
Ստացվում է՝ ավագանու նիստում քննարկվել է այլ բան, իսկ արդեն հաստատված վիճակով հրապարակվել է մեկ ուրիշ փաստաթուղթ: Ակնհայտ է, որ սա չի կարող լինել անուշադրության կամ անփութության հետեւանք, բայց այս դեպքում ավագանու անդամներն արդյո՞ք ունեն այս գործելաձեւի բացատրությունը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա հաստատված գլխավոր հատակագծի ներածության բաժնում գլխավոր հատակագծի գործողության ժամկետների մասին նշված է հետեւյալը․ «Գլխավոր հատակագիծը հանդիսանում է կանխատեսական բնույթի փաստաթուղթ․ այն սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը հեռանկարով մինչեւ հաջորդ քաղաքաշինական փաստաթղթի մշակումը․․․»: Այսպիսի ձեւակերպումը քաղաքային իշխանությանը մանեւրելու մեծ հնարավորություն է տալիս։ Մինչդեռ, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման պահանջներին համապատասխան, պետք է նշվեն համայնքի զարգացման կոնկրետ ժամկետային փուլեր՝ 5 տարի, 10 տարի, 15 տարի:
Նույն բաժնում նշված է նաեւ․ «Գլխավոր հատակագծի իրացման գործընթացը դիտվում է որպես հարատեւ, մոնիտորինգի, տենդենցների գնահատման, պահանջների եւ պահանջարկի կանխատեսման անցկացումով՝ պարբերաբար այն ճշգրտելով»: Արդյունքում ստացվում է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14․3 հոդվածով նախատեսված համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ համարվող եւ տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ եւ հեռանկարային փուլերն արտահայտող գլխավոր հատակագծի փոխարեն քաղաքը ստացել է սովորական հերթապահ պլան, որտեղ ընդամենն արտահայտվելու են քաղաքապետարանի կողմից կատարված գործարքները:
Ըստ այդմ, թերեւս արդարացի կլինի Երեւանի նոր գլխավոր հատակագծի անվանումը կոչել «Երեւանի գլխավոր հատակագիծ: Անորոշ ժամկետով», ինչը նշանակում է՝ երբ ուզենք, ինչ ուզենք, ինչպես ուզենք, այնպես էլ կանենք: Այս առումով հետաքրքիր է նաեւ` արդյոք ՀՀ քաղաքաշինության կոմիտեն եւ շահագրգիռ մյուս նախարարությունները եւ գերատեսչությունները կարծիքներ ներկայացրել են Երեւան քաղաքի մինչեւ 2030 թվականի գլխավոր հատակագծի՞ մասին, թե՞ Երեւանի «անժամկետ» գլխավոր հատակագծի:
Հատկանշական է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի եզրակացությունների ցանկում հենց Երեւանի գլխավոր հատակագծի վերաբերյալ N2-18 եզրակացությունն առայսօր զետեղված չէ, ինչին մենք անդրադարձել էինք, եւ ինչը պատահականություն դժվար է համարել։
Ինչպես նախկինում նշել էինք, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Երեւանի նոր գլխավոր հատակագծի նախագծի մշակման պայմանագիրը կնքվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի հետ, 2024թ. հունիսի 20-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ հաշվի առնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել էր 990 հազար ՀՀ դրամ: Նախագծի մշակման ժամկետ սահմանվել էր 10 (տասը) օր: Իսկ «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Սեդոյանի հայտարարության համաձայն, այն տեւել է ութ ամիս:
Դատելով հաստատված գլխավոր հատակագծի կազմից, բովանդակությունից, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման պահանջներից, մի կողմ թողնելով տեքստի սրբագրման եւ խմբագրման անհրաժեշտությունը, գալիս ես այն եզրակացությանը, որ մշակված եւ հաստատված գլխավոր հատակագիծ կոչվող փաստաթուղթն իրոք մշակվել է 10-օրյա ժամկետում, եւ արժեքը չէր կարող գերազանցել 990 հազար դրամը:
«Հրապարակ օրաթերթ»
0Comments