Արցախի թեմն ահազանգում է Արցախի հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և յուրացման նոր փորձի մասին․ «Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում:
Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:
Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են:
Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։
Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:
Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»:
Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն լեզվով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:
Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ»:
0Comments