Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան

Մանրամասներ
Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 6-ին, ավարտեցին երթը դեպի Երևան։ Նրանք կգիշերեն Սոլակ գյուղում։ Այս մասին հայտարարեց երթը գլխավորող Բագրատ Սրբազանը։

«Մեքենաները սպասում են, կնստենք մեքենաները, 10 կմ ճանապարհ կա դեռ, մեքենաներով կգնանք Սոլակ գյուղ, որտեղ հատուկ տեղ է հատկացված։ Ավելի լայն տեղ էր հատկացված, բայց մեր տեղեկություններով տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի ժողովրդավար երկրում․ եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Օրհնվեք»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։