Երեւանում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Մանրամասներ
շտապօգնության մեքենա

Հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:

Դավիթ Կարապետյանը անդրադարձավ նաև շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին: Ըստ նրա՝ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում, արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին շխատում են 43 շարժակազմով, ուստի դիմել են ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և վարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- ասաց նա: