Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Կողք կողքի» միջազգային փառատոնի գալա համերգին

Մանրամասներ
աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 3-ին մասնակցել է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին:

Փառատոնն անցկացվում է 2019 թվականից` վարչապետի տիկնոջ բարձր հովանու ներքո: Սկզբում փառատոնը միայն հայ երեկախաների համար էր, հիմա` միջազգային է: Այս տարի փառատոնին մասնակցում է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող շուրջ 150 երեխա` Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բահրեյնից: Դեկտեմբերի 1-3-ն անցկացվող փառատոնն այս անգամ առանձնանում է նոր ուղղություններով` թատերարվեստ ու պարարվեստ: Անցկացվել են նաև վարպետաց դասեր` Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից ու Վրաստանից ժամանած մասնագետների մասնակցությամբ:

Փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, ցուցադրվել է Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» ներառական թատերախմբի «Էսպես չի մնա» ներկայացումը: Երկրորդ օրն անցկացվել են սեմինարներն ու վարպետության դասերը:

Փառատոնի նպատակն է հավասար պայմաններ ստեղծել երեխաների համար, նպաստել նրանց զարգացմանն ու ինտեգրմանը, երաժշտության ու արվեստի օգնությամբ ամրապնդել կապը հասակակիցների ու հասարակության հետ: