Ազգային ժողովը երեք օրվա քննարկումից հետո ընդունեց Կառավարության ծրագիրը։ Բուն ծրագրի մասին արդեն արտահայտվել եմ մի քանի անգամ, և ինքս դրան դեմ կքվեարկեի այս տեսքով։ Ընդամենը մի քանի թեթև մտորումներ բուն քննարկումների մասին՝
ա) քննարկումները ցույց տվեցին, որ “Իմ Քայլը” խմբակցությունը պարզապես Նիկոլ Փաշինյանի կցորդն է, և որևէ ինքնուրույն կրիտիկական մտածողության կարողություն չունի, թերևս բացառությամբ մի քանի պատգամավորի։ Նախկինում ինքնուրույն կեցվածք դրսևորած պատգամավորների մի մասը ևս կորցրեց իր դեմքը, փորձելով իր ելույթներով հիմնավորել այն, իսկ ակնհայտորեն հիմնավորելի չի։
բ) “Լուսավոր Հայաստան։ խմբակցության մի շարք պատգամավորներ բավական հստակ, կառուցողական, և խելամիտ ելույթներ ունեցան, ստանձնելով գաղափարական ընդդիմության դերը, դա բավական ուրախալի էր։
գ) “Բարգավաճ Հայաստանը” մնաց իր ոճի մեջ, բայց և զարմանալիորեն միահամուռ դեմ քվեարկեց, երևի զգալով, որ երկրում նորից սկսում է վիճակ փոխվել, և վարչապետի նախկինում անվերապահ հանրային հեղինակությունը սկսում է խարխլվել
դ) Վարչապետի եզրափակիչ ելույթը պարզապես մեծ հիասթափություն էր։ Խոսք տալ ելույթի սկզբում այլևս մունաթ չգալ, բայց հետո ամբողջ ելույթը վերածել մունաթի, այն էլ թունոտ, իր նախկին դաշնակիցներին ծաղրող և տարբեր տեսակ ակնարկներով վարկաբեկող, ընդամենը թույլ առաջնորդի կեցվածք է, իր ուժերի նկատմամբ վստահությունը կորցնող՝ այլապես կարելի էր լինել մեծահոգի, ավելի ընդառաջող, և համագործակցության ձեռք մեկնող, նույնիսկ իր ընդդիմախոսներին։
Ինչևէ, կառավարության ծրագիրը ընդունված է, և երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ։ Կառավարությունը, ստանալով ԱԺ աջակցությունը, պետք է ցույց տա, որ ընդունակ է իր, նույնիսկ շատ բաներով վիճելի ծրագիրը իրականացնել, և դա ինքնին արդեն մեծ ջանք ու տաղանդ է պահանջելու։ Ես շարունակելու եմ մնալ այս Կառավարության սկզբունքային ընդդիմախոսը, և իմ գրառումներով օգնել հանրությանը ավելի ամբողջական և ճշգրիտ կարծիք կազմել նրա գործունեության մասին, հույս ունենալով նաև, որ նույն ինքը Կառավարությունը կգնտվի ավելի հանդուրժողական և ականջալուր հանրության տարբեր հատվածների կարծիքներին։ Դրանով հանդերձ, ես Կառավարությանը հաջողություն եմ ցանկանում, դրանից է հիմա կախված լինելու յուրաքանչյուրիս հաջողությունը։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյան
0Comments