Toyota-ն Lexus-ի շքեղ ենթաբաժնի շարք է ավելացրել նոր լիաչափ քրոսովեր TZ-ը — դրա պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 7-ին։

Lexus TZ-ը մաքուր էլեկտրամոբիլ է, այն կառուցված է փետրվարին ներկայացված նոր սերնդի Toyota Highlander-ի հետ միասնական հարթակի վրա։ Մեքենաները միավորված են ոչ միայն հարթակով և ուժային ագրեգատներով, այլև թափքի կրող կառուցվածքով։ Ճիշտ է, Lexus-ի բոլոր արտաքին տարրերն ու լուսատեխնիկան ինքնատիպ են, և հենց դրանք են TZ-ին տալիս սեփական արտաքինը։

Lexus TZ-ի ընդհանուր երկարությունը՝ 5100 մմ, անիվային բազան՝ 3050 մմ։ Անիվների չափը՝ 20 կամ 22 դյույմ, փոխանցում է Drom.ru-ն։

Սրահն ունի երեք շարքով վեցտեղ դասավորություն, երկրորդ շարքում՝ բարձր հարմարավետության անհատական նստատեղեր։

Lexus TZ-ի սրահի ձայնամեկուսացման համար, ի թիվս այլնի, օգտագործվում է ակտիվ աղմուկի չեզոքացման NVH համակարգը։ Toyota-ում ասում են, որ նոր մոդելը ուղևորների համար ամենալուռ ամենագնաց Lexus-ն է ողջ պատմության ընթացքում։

Քրոսովերը կհամալրվի պանորամային ապակյա տանիքով, բարձրակարգ Mark Levinson աուդիոհամակարգով՝ 21 բարձրախոսով, UltraSuede արհեստական թավշով պատված նստատեղերով, կիսաավտոպիլոտով, սրահի մեջ սեղմված բամբուկից դեկորատիվ ներդիրներով և շատ այլ բաներով։

Lexus TZ-ը կարտադրվի միայն լիաքարշակ տարբերակով՝ երկու քարշիչ էլեկտրաշարժիչով (յուրաքանչյուր առանցքի վրա՝ մեկը)։ Ընդհանուր հզորությունը՝ 402 ձ․ուժ, ոլորող մոմենտը՝ 500 Նմ։ Արագացումը 0-ից մինչև 100 կմ/ժ տևում է ընդամենը 5,4 վայրկյան։ Թույլատրվում է մինչև 1588 կգ զանգվածով կցորդի քարշակումը։

Քարշիչ մարտկոցի տարողությունը՝ 77 կՎտ*ժ կամ 96 կՎտ*ժ (կախված գնորդի ընտրությունից)։ Մեկ լիարժեք լիցքավորմամբ ընթացքի պաշարը՝ մինչև 530 կմ։

Share.