Jaguar ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկար սպասված Type 01 էլեկտրական գրան-տուրերը կներկայացվի հոկտեմբերին Նյու Յորքում։ Հենց այս մոդելը պետք է բացի նոր գլուխ բրիտանական ապրանքանիշի պատմության մեջ, որը լիովին հրաժարվում է ավանդական շարժիչներից և վերածվում շքեղ էլեկտրամոբիլների արտադրողի, գրում է Autocar-ը։

Պրեմիերայի ամսաթիվը ներդրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ընկերության առևտրային տնօրեն Լեոնարդ Հորնիկը։ Նրա խոսքով՝ ներկայացումը կանցնի «շատ ու շատ յուրահատուկ ձևով», սակայն մանրամասները դեռևս չեն բացահայտվում։

Նյու Յորքի ընտրությունը որպես դեբյուտի վայր ցույց է տալիս, որ JLR կոնցեռնը շարունակում է ԱՄՆ-ը դիտարկել որպես նոր մոդելի առանցքային շուկաներից մեկը՝ չնայած երկրում բնապահպանական պահանջների թուլացմանը և Jaguar-ի լայնածավալ ռեբրենդինգի նկատմամբ ոչ միանշանակ արձագանքին։

Նոր Type 01-ը կդառնա ապրանքանիշի առաջին սերիական ավտոմեքենան նոր մոդելների արտադրության գրեթե մեկուկես տարվա դադարից հետո, որը սկսվել էր 2025 թվականի վերջին F-Pace քրոսովերի թողարկման ավարտից հետո։ Էլեկտրամոբիլի վաճառքները կմեկնարկեն 2027 թվականի առաջին կեսին։

Ավելի վաղ մոդելը հայտնի էր X900 ներքին ինդեքսով և կոչվում էր Type 00՝ Մայամիում ներկայացված կոնցեպտի անունով։ Սակայն այժմ ընկերությունը հաստատել է, որ սերիական տարբերակը կստանա Type 01 անվանումը։

Jaguar-ի ներկայացուցիչների խոսքով՝ անվանումը միանգամից մի քանի իմաստ ունի։ Type նախածանցը հղում է ապրանքանիշի լեգենդար մոդելներին՝ C-Type, D-Type, E-Type և F-Type։ 0 թիվը խորհրդանշում է լիովին էլեկտրական ուժային կայանքը՝ զրոյական արտանետումներով, իսկ 1 թիվը ընդգծում է, որ սա նոր դարաշրջանի առաջին Jaguar-ն է։

Նախնական տվյալներով՝ Type 01-ը կլինի սպորտային չորսդռնանի գրան-տուրեր՝ ավելի քան 1000 ձիաուժ հզորությամբ։ Ավտոմեքենան կառուցված է JEA նոր հարթակի վրա, որը մշակվել է հատուկ ապրանքանիշի ապագա էլեկտրամոբիլների համար։

JLR-ի ղեկավար Պի-Բի Բալաջին հայտարարել է, որ ընկերությունը մտադիր չէ հրաժարվել Jaguar-ի լիակատար էլեկտրաֆիկացման ուղուց՝ չնայած վերջերս կոնցեռնի մյուս հարթակներում հիբրիդային ուժային կայանքներ օգտագործելու որոշմանը։ Նրա խոսքով՝ հենց էլեկտրական քարշակն է թույլ տալիս հասնել այն արտադրողականության և դինամիկայի բնութագրերին, որոնք ապրանքանիշը պարտադիր է համարում իր ապագա ավտոմեքենաների համար։

Jaguar-ը նաև պատրաստվում է դուրս գալ շուկայի ավելի թանկ հատված։ Ակնկալվում է, որ Type 01-ի գները կսկսվեն մոտ 120 հազար ֆունտ ստեռլինգից և կարող են գերազանցել 150 հազար ֆունտը՝ անհատականորեն հարմարեցված տարբերակների համար։ Այսպիսով, ապրանքանիշը հույս ունի զբաղեցնել միջանկյալ տեղը BMW-ի և Mercedes-Benz-ի նման պրեմիում բրենդների և ուլտրաշքեղ ավտոմեքենաներ արտադրողների՝ Bentley-ի ու Aston Martin-ի միջև։

Ոլորտային աղբյուրների տվյալներով՝ Type 01-ից հետո նույն ճարտարապետության վրա կարող են հայտնվել ևս առնվազն երկու մոդել՝ մեծ ներկայացուցչական սեդան և ամենագնաց, որոնք, հավանաբար, կստանան Type 02 և Type 03 անվանումները։

Share.