Sony Honda Mobility համատեղ ձեռնարկությունը Լաս Վեգասում (ԱՄՆ) բացված CES-2026 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում ներկայացրել է երկու մշակում՝ սերիական արտադրությանը պատրաստ Afeela 01 էլեկտրական սեդանը և դրանունիֆիկացված ագրեգատային բազայով քրոսովերը, որը կրում է հակիրճ Afeela Prototype 2026 անվանումը:
Afeela 01-ի տարբեր տարբերակների նմուշները մի քանի տարի շարունակ ցուցադրվել են ցուցահանդեսներում և վերջապես սեդանի նախագիծը ամբողջությամբ հարմարեցվել է զանգվածային ավտոմեքենաների տեխնոլոգիական և սերտիֆիկացման պահանջներին: Այստեղ պետք է հաշվի առնել, որ մեքենան ստեղծվել է առաջին հերթին հյուսիսամերիկյան շուկայի համար, սակայն այն կառաջարկվի նաև Եվրամիությունում և Ճապոնիայում, հայտնում է Drom.ru-ն:
Afeela 01-ն ունի եռածավալ սիլուետ, մինիմալիստական ոճ և աղեղնաձև տանիքի գիծ: Նախասերիական նախատիպը համալրված է սովորական կողային հայելիներով: Հետին տեսադաշտի տեսախցիկներով լուծումը չի արդարացնում իրեն. Honda-ի ինժեներները դրանում համոզվել են դեռևս իրենց ձախողված Honda E մոդելի օրինակով: Հետին տեսադաշտի տեսախցիկները օդադինամիկայի տեսանկյունից չնչին առավելություն են տալիս, սակայն միևնույն ժամանակ բարձրացնում են էլեկտրաէներգիայի ծախսը, քանի որ շարժման ընթացքում անդադար պատկեր են հաղորդում էկրաններին:
Afeela 01-ի սերիական տարբերակը համալրված կլինի երկու քարշիչ էլեկտրաշարժիչով և լիաքարշ համակարգով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 360 կՎտ (489 ձիաուժ): Դրանք սնվելու են 91 կՎտ/ժ տարողությամբ մարտկոցից, իսկ մեկ լրիվ լիցքավորմամբ ընթացքի պաշարը կկազմի 483 կմ:
Հեռանկարային քրոսովերի համար Sony Honda-ն մշակում է ինքնատիպ հինգդռնանի թափք, որն ավելի բարձր է և գործնական, քան 01 մոդելինը: Ընդ որում, շասսին կմնա նույնը: Համատեղ ձեռնարկությունը Afeela Prototype 2026-ի վերաբերյալ որևէ տեխնիկական մանրամասն չի հայտնում:
Հաղորդվում է, որ Afeela էլեկտրամեքենաների վաճառքը կսկսվի 2028 թվականին: