Սուպերքարեր արտադրող Պորշեն պատրաստվում է արմատապես վերանայել 718 Բոքստեր և Քայման մոդելների հաջորդ սերունդների ճակատագիրը, գրում է Autocar-ը։
Ի սկզբանե ընկերությունը ծրագրում էր այդ մոդելներն անցկացնել բացառապես էլեկտրական քարշակի, սակայն այժմ ինժեներներն աշխատում են այն ուղղությամբ, որ նոր հարթակը կարողանա կրկին ընդունել բենզինային շարժիչներ։ Այս որոշումը կտրուկ շրջադարձ է դարձել էլեկտրամոբիլների պահանջարկի թուլացման ֆոնին։
Չորրորդ սերնդի Բոքստերի և Քայմանի արտադրությունն ավարտվել է անցյալ ամիս, իսկ դրանց ամբողջությամբ էլեկտրական իրավահաջորդները պետք է թողարկվեն արդեն այս տարի։ Այնուամենայնիվ, ավելի վաղ Պորշեն հայտարարել էր, որ կշարունակի թողարկել ներկայիս մոդելների «թոփային» տարբերակները՝ նախևառաջ RS-ը և GT4 RS-ը, որպես, այսպես կոչված, ռազմավարական վերակողմնորոշման մաս, որն ընկերության համար արժեցել է մոտ 6,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Այժմ Վայսախի Պորշեի ինժեներական կենտրոնի աղբյուրները հայտնում են, որ ընկերությունն ավելի հեռուն է գնացել։ Ինժեներները փորձում են ապագա մոդելների համար մշակված PPE Sport էլեկտրական հարթակը հարմարեցնել միջին դիրքով բենզինային ագրեգատի տեղադրմանը։ Նպատակն արտադրության արդյունավետությունը և բաղադրիչների միասնականացումը պահպանելն է, նույնիսկ եթե դա չափազանց բարդ տեխնիկական լուծումներ է պահանջում։
Այս քայլն անվանում են Պորշեի պատմության ամենաարմատական շրջադարձերից մեկը։ Նման ճանապարհ ավելի վաղ ընտրել էին այլ ավտոարտադրողներ, որոնք ի սկզբանե որպես էլեկտրական մտահղացված մոդելներում վերադարձրել էին ներքին այրման շարժիչները։
Խնդիրը, սակայն, չափազանց բարդ է։ PPE Sport էլեկտրական ճարտարապետությունը հիմնված է կրող մարտկոցի և հարթ հատակի վրա, իսկ դրա հեռացումը կտրուկ նվազեցնում է թափքի կոշտությունը։ Ինժեներները դիտարկում են նոր ուժային հատակի ստեղծման տարբերակը, որը կամրացվի հարթակի գոյություն ունեցող կետերին, ինչպես նաև ամբողջությամբ վերամշակված հետևի մոդուլի՝ շարժիչը, փոխանցման տուփը և արտանետման համակարգը տեղադրելու համար։
Ծրագրերի վերանայումը հնարավոր է դարձել նաև կարգավորող պատճառներով։ «Եվրո-7»-ի նորմերի մեղմացված տարբերակը և 2035 թվականից հետո սինթետիկ վառելիքի համար բացառությունը բենզինային սպորտքարերը կրկին տնտեսապես արդարացված են դարձրել։ Ըստ Պորշեի ինժեներներից մեկի, էլեկտրական Բոքստերն ու Քայմանը կարող էին մնալ որպես նիշային մոդելներ, և հենց «Եվրո-7»-ը փոխեց հաշվարկները։
Թե որ շարժիչը կընտրեն արդյունքում, դեռ վերջնականապես որոշված չէ, սակայն գլխավոր թեկնածուն մնում է լրամշակված չորսլիտրանոց օպոզիտային վեցգլանանի շարժիչը, որը կարող է զարգացնել գրեթե 500 ձիաուժ հզորություն։