Հայաստանում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների գրեթե կեսը սոցիալապես անապահով է, իսկ 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներում այդ տոկոսը հասնում է 80-ի: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով ընտանիքի և մայրության աջակցության գործող և ապագա պետական ծրագրերը։
Վերոնշյալ վիճակագրությունը հիմք է հանդիսացել երեխայի ծննդյան և խնամքի նպաստների վերանայման համար:

Ինչպես արդեն բազմիցս ասվել է, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր երեխայի համար նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ նրանից, թե ընտանիքում որերորդ երեխան է ծնվում։ Առայժմ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազարական դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 1-ական միլիոն, իսկ հինգերորդի և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 1,5-ական միլիոն դրամ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերից, որպեսզի այն ընտանիքները, որոնք երեխաների թիվը ծրագրում են դեռևս գործող կանոններով, կարողանան նպաստը ստանալ այն չափով, որն ի սկզբանե սպասում էին։
3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար, փոխնախարարի խոսքով, միանվագ նպաստը թեև կկրճատվի, բայց կլրացվի ամսական 50 հազար դրամով՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը: Նպաստի այս տեսակը փորձնական կարգով ներդրվել է 2022 թվականին՝ 3 տարի ժամկետով և ապացուցել է իր արդյունավետությունը։ Այսպիսով, եթե 2018 թվականին երրորդ երեխա ծնվել էր 8300 ընտանիքում, 2019 թվականին՝ 9000, ապա 2023 և 2024 թվականներին մոտ 12 000 ընտանիք է երրորդ երեխա ունեցել։
Նախարարությունում կարծում են, որ ամսական օգնությունն ավելի արդյունավետ կլինի, քան միանվագ օգնությունը, հատկապես այն ընտանիքների համար, որոնք խիստ կարիքի մեջ են կամ բավարար ֆինանսական գրագիտություն չունեն (կամ երկուսն էլ): Փոխնախարարի խոսքով՝ նման ընտանիքները, այդ գումարը միանգամից ծախսելով, չգիտակցելով ապագա ծախսերը, հետագայում կարող են մեծ դժվարությունների հանդիպել։
Փոխնախարարը հիշեցրեց, որ այն ընտանիքներին, որոնց երեխաները ծնվել են Հայաստանից դուրս և ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, պետությունը նպաստ չի վճարելու։ Մեկ տարվա ընթացքում երեխայի համար քաղաքացիության համար դիմելու դեպքում ընտանիքը կարող է սկսել ստանալ թե՛ միանվագ, թե՛ ամսական նպաստները:
Խոսելով երիտասարդ ընտանիքներին աջակցելու գործող ծրագրերի մասին՝ փոխնախարարը հիշեցրեց, որ հիփոթեք վճարող ընտանիքները կարող են վարկի մայր գումարի մարման նպաստ ստանալ: Առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստը կկազմի մինչև 500 հազար դրամ, երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մինչև 2 մլն դրամ: Միաժամանակ բնակարանի կամ տան արժեքը, որը ձեռք է բերում կամ կառուցում է վարկառուն, չպետք է գերազանցի 35 մլն դրամը, բայց վերին շեմը 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում բարձրանում է 5 մլն դրամով:
Երկու դեպքում էլ բժշկին այցելելիս տեղեկությունները գրանցվում են «Armed» համակարգում (առողջապահության նախարարության էլեկտրոնային տվյալների բազայում): Այդտեղից տվյալները հասնում են Պետեկամուտների կոմիտե և Միասնական սոցիալական ծառայություն, և դրանց հիման վրա նպաստները փոխանցվում են բանկային հաշվին (կարելի է անմիջապես բժշկի մոտ նշել, թե որ բանկին պետք է փոխանցել ապագա նպաստը)։
«Գործընթացն էապես հեշտացվել և թվայնացվել է։ Այժմ ամեն ինչ սկսվում և ավարտվում է բժշկի կաբինետում»,- ընդգծեց փոխնախարարը:
Ենթադրվող մեխանիզմը նման է կուտակային կենսաթոշակներին (այն տարբերությամբ, որ տվյալ դեպքում վճարումները կլինեն կամավոր)։ Այս միջոցները կարելի է բաշխել հիմնադրամներում (կենսաթոշակայինի նման), որպեսզի դրանց վրա տոկոս կուտակվի, և երեխայի չափահաս դառնալուց հետո գումարը կարող է օգտագործվել նրա ուսման վարձը վճարելու համար (հենց այդ պատճառով էլ գաղափարը համարվում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված): Քննարկվում են այլ ոլորտներում ծախսելը թույլատրելու հնարավորությունները (օրինակ՝ հիփոթեքի համար, բայց ոչ թե ծնողների, այլ ապագա երեխայի համար, երբ նա մեծանա)։