ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրենսդիրներին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է գնել Գրենլանդիան, այլ ոչ թե ներխուժել այնտեղ։ Միևնույն ժամանակ, Թրամփն իր օգնականներին խնդրել է ներկայացնել տարածքի ձեռքբերման թարմացված պլանը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ռուբիոն այս հայտարարությամբ հանդես է եկել երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ՝ Կոնգրեսի երկու պալատների զինված ուժերի և արտաքին քաղաքականության հիմնական հանձնաժողովների օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշում է պարբերականը, հենց նույն օրը Թրամփը հանձնարարել է իր օգնականներին ներկայացնել թարմացված ծրագիրը։ Կոնգրեսում կայացած ճեպազրույցը նվիրված է եղել Վենեսուելային, սակայն օրենսդիրները մտահոգություն են հայտնել Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի մտադրությունների շուրջ՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի և նրա գլխավոր օգնական Սթիվեն Միլլերի այս շաբաթվա ագրեսիվ հայտարարությունները։ Այս մասին հայտնել են երկու պաշտոնյաներ։
Ռուբիոն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի է ունեցել՝ խոսելով Գրենլանդիայի գնման մասին։
Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի վեց երկրների առաջնորդները՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դեմ են արտահայտվել Թրամփի այն պնդմանը, թե Միացյալ Նահանգները պետք է զավթեն Գրենլանդիան։
Դանիային միացած երկրներն են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը, որոնք բոլորն էլ Միացյալ Նահանգների մոտ դաշնակիցներն են։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Թրամփը չի բացառում ԱՄՆ-ի ներխուժումը Գրենլանդիա։
Կիրակի օրը, գտնվելով «Air Force One» (նախագահական ինքնաթիռի) բորտին, Թրամփը լրագրողներին ասել էր, որ «Գրենլանդիան ամենուր ողողված է ռուսական և չինական նավերով»։
Որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարած ծրագրերի վերաբերյալ։
Երեքշաբթի երեկոյան սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է հարգի իր դաշնակիցներին։
«Երբ Դանիան և Գրենլանդիան հստակ հասկացնում են, որ Գրենլանդիան չի վաճառվում, Միացյալ Նահանգները պետք է կատարի իր պայմանագրային պարտավորությունները և հարգի Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, - հայտարարել են սենատորները, ովքեր գլխավորում են Սենատի ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը: - Ցանկացած ենթադրություն այն մասին, որ մեր երկիրը ՆԱՏՕ-ի մեկ այլ դաշնակցի կենթարկի հարկադրանքի կամ արտաքին ճնշման, խարխլում է ինքնորոշման այն սկզբունքները, որոնց պաշտպանության համար գոյություն ունի մեր դաշինքը»։
Գրենլանդիան սակավաբնակ ինքնավար տարածք է, որը գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի ինքնիշխան սահմաններում։ Դանիան Գրենլանդիայի նկատմամբ գաղութային վերահսկողություն է հաստատել 18-րդ դարում և 20-րդ դարում թույլ է տվել նրան դառնալ ինքնավար։