«Ինձ միջազգային իրավունք պետք չէ, ես մարդկանց վնասելու մտադրություն չունեմ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտնել է New York Times-ի հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է իրեն անհրաժեշտ Գրենլանդիան։
Երբ նրան հարցրել են ռազմական, տնտեսական եւ քաղաքական իշխանության հնարավոր սահմանափակումների մասին, նա պատասխանել է. «Այո, կա մի բան՝ իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական միտքը։ Դա միակ բանն է, որը կարող է ինձ կանգնեցնել։ Ինձ միջազգային իրավունք պետք չէ, ես մարդկանց վնասելու մտադրություն չունեմ»։
Լրագրողները հարցրել են, թե արդյոք դա նշանակում է, որ նրա վարչակազմը պարտավոր չէ պահպանել միջազգային օրենքները, տեղեկացրել է Bild-ը։ Թրամփը պատասխանել է. «Այո։ Ես դրանց հետեւում եմ։ Կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք միջազգային իրավունք ասելով»։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք ՆԱՏՕ-ն, թե Գրենլանդիան է ավելի կարեւոր իր համար, ԱՄՆ նախագահը ուղիղ պատասխան չի տվել, բայց ընդունել է, որ դա «գուցե կամ-կամ ընտրություն է»։ Նա նաեւ նշել է, որ առանց ԱՄՆ մասնակցության ՆԱՏՕ-ն, իր կարծիքով, մեծ մասամբ անիմաստ է։
Ինչու՞ է Թրամփին անհրաժեշտ Գրենլանդիան. «Որովհետեւ ես կարծում եմ, որ դա հոգեբանորեն անհրաժեշտ է հաջողության համար»։ Ես կարծում եմ, որ սեփականությունը հնարավորություններ է տալիս, որոնք չեք կարող ստանալ վարձակալությամբ կամ պայմանագրով։ «Սեփականատիրությունն առաջարկում է այնպիսի առավելություններ, որոնք չեք կարող ստանալ պարզապես փաստաթուղթ ստորագրելով»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ «միշտ» հարգում է ընտրությունների արդյունքները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք «կեղծված» եւ «անազնիվ» են։
Թրամփն ասել է, որ խնդիր չի տեսնում իր ընտանիքի անդամների կողմից արտասահմանում բիզնեսով զբաղվելու մեջ։ «Իմ առաջին ժամկետի ընթացքում ես արգելեցի նրանց բիզնեսով զբաղվել, եւ բացարձակապես ոչնչի չարժանացա դրա համար»,- ասել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ ով հաղթի պատերազմում արհեստական բանականության ոլորտում, նա էլ կկառավարի աշխարհը։ Թրամփն ավելացրել է, որ արհեստական բանականությունը կստեղծի «հսկայական թվով աշխատատեղեր», բայց կարող է դրանք կատարելու համար բավականաչափ մարդիկ չլինեն, ուստի «ստիպված կլինենք ռոբոտներ օգտագործել»։