Ցուցարարները վնասել են 26 բանկ եւ 10 կառավարական գրասենյակ, հրկիզել 25 մզկիթ, ասել է Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։
«Նրանք հարձակումներ են կատարել 26 բանկի վրա եւ հրկիզել 25 մզկիթ։ Վանդալները նաեւ հրկիզել են 42 ավտոբուս, հասարակական տրանսպորտի եւ շտապօգնության մեքենա, 10 կառավարական գրասենյակ եւ 24 բնակարան»,- Իրանի պետական հեռուստառադիոընկերությանն ասել է Զաքանին։
Նա ավելացրել է, որ հարձակման են ենթարկվել նաեւ իրավապահ մարմինների դիրքերը։
«Նրանք նաեւ այրել են 48 հրշեջ մեքենա, որոնք ճանապարհին էին հրդեհները մարելու համար»,- ավելացրել է քաղաքապետը։
Հինգշաբթի Իրանում բողոքի երթեր են տեղի ունեցել 1979թ․ տապալված Իրանի շահի ժառանգ Ռեզա Փեհլեւիի կոչից հետո։ Սոցցանցերում հայտնված տեսանյութերում ցուցադրվել են զանգվածային բողոքի ցույցերը։ Երկրում ինտերնետային ծառայությունը խափանվել է։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025թ․ դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի գխավոր թեման ռիալի փոխարժեքի կտրուկ տատանումներն էին եւ դրանց ազդեցությունը մեծածախ եւ մանրածախ գների վրա։ Սակայն Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը հետագայում վերածվեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Հաղորդվել է, որ կան զոհեր թե՛ անվտանգության ուժերի, թե՛ ցուցարարների շրջանում: