ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին սրտի և որովայնի ՄՌՏ հետազոտություն է անցել և արդյունքների համաձայն՝ ամերիկացի առաջնորդի առողջական վիճակը նորմալ է, հայտարարել է Սպիտակ տան բժիշկ Շոն Բարբարելան։
«Այս հետազոտության նպատակը կանխարգելիչ է. վաղ փուլում հայտնաբերել խնդիրները, հաստատել առողջության ընդհանուր վիճակը և համոզվել, որ պացիենտը պահպանում է կենսունակությունը և աշխատունակությունը երկարաժամկետ հեռանկարում», - ասվում է Սպիտակ տան բժշկի կողմից հրապարակված գրառման մեջ։
ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա)-ի տվյալներով՝ Թրամփի մոտ «զարկերակների նեղացման, արյան հոսքը վատթարացնող կամ սրտի կամ խոշոր անոթների անոմալիաների նշաններ չեն հայտնաբերվել»։
«Ընդհանուր առմամբ, նրա սրտանոթային համակարգը գերազանց վիճակում է», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հետազոտված բոլոր օրգանները գործում են նորմայի սահմաններում՝ «առանց որևէ սուր կամ քրոնիկ խնդրի»։
Սպիտակ տան բժշկի խոսքով՝ այս տեսակի սկանավորումը «ստանդարտ է նախագահ Թրամփի տարիքի առաջնորդների ֆիզիկական զննման համար»։
Կիրակի օրը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ իր ՄՌՏ արդյունքները «կատարյալ» են։
«Եթե դուք ուզում եք, որ դա հրապարակվի, ես կհրապարակեմ», - ասել է Թրամփը։