«Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց»,- այս մասին այսօր «Արմլուրի»-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:
«Ցանկացած երկրի բեռնատար, եթե մտնում է Հայաստան և Հայաստանից դուրս եկող ցանկացած բեռնատար, եթե մտնում է այլ երկիր, ստուգվում է։ Խոսքը վերաբերում է հոգեբանական խնդրին, ասենք՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրը, ապա թուրք վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք, միևնույն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան և հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա, սրա մասին է ընդամենը խոսքը»,- ասել է Թորոսյանը:
Կառավարության նիստից առաջ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական ողջ օգնությունը։
«Սահմանից՝ Յասենկայի անցակետից ստացվող հաղորդագրությունները հաստատում են ամերիկյան կողմի հայտարարությունները։ ԱՄՆ-ը դադարեցրել Է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումները, որոնք արդեն գտնվում են Ուկրաինայի ճանապարհին: Իրավիճակը լուրջ է»,- հայտարարել է Տուսկը։
Վարչապետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հայտարարել Էր Ուկրաինային ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշման մասին, և «հնարավոր է, որ ամերիկյան կողմը սկսի Ռուսաստանին հանել պատժամիջոցներից»:
«Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ դրանք պարզապես խոսքեր են», – ընդգծել է Տուսկը:
«Հաղորդագրությունները, որոնք ստացվում են սահմանից՝ Յասենկայի անցակետից, հաստատում են ամերիկյան կողմի հայտարարությունները։ Դա Ուկրաինային, Լեհաստանին և Եվրոպային ավելի բարդ իրավիճակում է դնում, բայց մենք պետք է դիմակայենք այդ իրավիճակին»,- հավելել է Լեհաստանի վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։
Նշվում է, որ հանդիպման օրակարգում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր են։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա նշել է, թե Հայաստանը «44-օրյա պատերազմից հետո դրական ներդրում չի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացում և չնայած Հայաստանի հանձնառությանը` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք»:
«Հայաստանը շեղվում է գործընթացից և իր պարտավորություններից՝ գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներով։ Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին», -հայտարարել է Հաջիզադեն:
ՀՀ առողջապահության նախարարության գրառումը. «Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։
Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմումը է շուրջ 50%:
Ճարպակալման վտանգները
Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև՝ մարսողական խանգարումներ:
Ո՞րն է ավելորդ քաշի և ճարպակալման պատճառը
Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Այն կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով:
Ավելորդ քաշի ազդեցությունը դեռահասների վրա
Ավելորդ քաշի առկայությունը մանկության և պատանեկության հասակում ուղղակիորեն ազդում է երեխաների և դեռահասների առողջության վրա և ավելի ուշ տարիքում ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ: Այն թողնում է նաև հոգեբանական հետևանքներ. ազդում է կյանքի որակի վրա, դառնում խտրական վերաբերմունքի պատճառ:
Ինչպե՞ս կանխարգելել
Ավելորդ քաշից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ երեխայի ներկայիս մարմնի քաշից»:
ՌԴ Ալթայի երկրամասի Զավյալովոյի շրջանի ղեկավար Նիկոլայ Օնիշչենկոյին գնդակահարել են սրճարանից դուրս գալիս։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«2025 թվականի մարտի 4-ի ցերեկը Զավյալովո գյուղում գտնվող սրճարանից դուրս գալիս հրազենով սպանել են Զավյալովոյի շրջանի վարչակազմի ղեկավարին։ Սույն փաստով հարուցվել է քրեական գործ», – հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի Քննչական վարչությունից։
Գերատեսչությունում հավելել են, որ հանցագործության կասկածանքով Զավյալովո գյուղում ձերբակալվել է տեղի բնակիչ։
Օնիշչենկոն ծնվել էր 1973 թվականի օգոստոսի 8-ին։ Ալթայի երկրամասի Զավյալովոյի շրջանի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2022 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ Օնիշչենկոն աշխատել էր ներքին գործերի մարմիններում:
Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական օգնության նոր փաթեթ, հայտնում է Politico-ն։
Ուրբաթ օրը ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային վերաբերող տեքստի նախագիծը, որը ներառում էր ձևակերպումներ անվտանգության երաշխիքների մասին, որոնք Եվրամիությունը կարող էր տրամադրել Կիևին, ինչպես նաև ռազմական օգնության նոր փաթեթի մասին:
Այս որոշումը առիթ է դարձել ԵՄ երկրների միջև ավելի լայն պառակտման՝ կապված պատերազմի ժամանակ Ուկրաինային աջակցելու իրենց մոտեցման հետ:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ, իր հերթին, հայտարարել է, որ իր երկիրը կհրաժարվի Ուկրաինային հետագա ֆինանսական կամ ռազմական օգնությունից:
Ֆիցոն նաև մերժել է Արևմուտքի այսպես կոչված «ուժով միջոցով խաղաղության» տարբերակը, որը, նրա կարծիքով, անիրատեսական քաղաքականություն է:
Ռուսական “АльфаСтрахование” ընկերությունը ապահովագրական հատուցման ամբողջական վճար է կատարել Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ընկերության ավիացիոն և տիեզերական ապահովագրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը:
Ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին հասցված վնասի համար։ Պաշտոնյան հայտնել է, որ Embraer 190 ինքնաթիռն ապահովագրություն է ունեցել “АльфаСтрахование” ընկերությունում: Նրա խոսքով՝ ինքնաթիռի համար ամբողջ ապահովագրական գումարի վճարումը կատարվել է փետրվարին։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայից, բնակություն հաստատի մի երկրում, որը ներգրավված չէ ուկրաինական հակամարտության մեջ և այնտեղ համաներում ստանա, հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Այսպես է գործարարը մեկնաբանել X սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հաղորդագրությունն այն մասին, որ Զելենսկին, ուկրաինական հակամարտության ավարտից հետո, հավանաբար կպարտվի ընտրություններում և կհայտնվի ճաղերի հետևում կոռուպցիոն գործով։
Ինչպես նշել է Մասկը, Զելենսկին բռնապետ է, ով հանուն իշխանության «անմեղ ուկրաինացիներին ուղարկում է մսաղաց»։
Կարծում եմ, որ կասկած չկա այլևս, որ սա աշխարհի ամենահին դեմոկրատական պետության՝ ԱՄՆ-ի իշխող վարչակարգի պաշտոնական գնահատականն է ուկրաինական վարչակարգի մասին, որին Հայաստանի փորձանքագետները որակում էին որպես դեմոկրատիայի առաջամարտիկ և հակադեմոկրատական Ռուսաստանի զոհ:
Ինչքան հասկանում եմ կոռուպցիան և մսաղացը դեմոկրատիայի հետ կապ չունեն: Պատմության ողջ ընթացքում իրական դեմոկրատիաների գերնպատակը միշտ էլ եղել է պատերազմների կանխումը բոլոր հնարավոր միջոցներով: Դեմոկրատ առաջնորդը, որպես կանոն միշտ ընտրում է այն ուղին և լուծումը, որը հնարավորություն է տալիս թեկուզ և կորուստներով՝ կանխել պատերազմը, հատկապես այն դեպքում, երբ դրա շահառուն ավելի շատ արտաքին դերակատարներն են:
Կարճ ասած այսուհետ Զելենսկին քաղաքականապես լրիվ սպառված է, առանց ԱՄՆ-ի պատերազմի շարունակումը՝ մսաղացի շարունակում է:
Եվրոպան չի կարող ֆինանսավորել այս պատերազմը, որովհետև Հունգարիան և Սլովակիան արգելափակում են այս մասին ԵՄ բոլոր որոշումները:
Հնարավոր է, որ նրանց միանան ԵՄ անդամ նոր պետություններ»:
Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,- գրել է նա՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել հակակոռուպցիոն կոմիտե:
«Հրապարակի» տեղեկություններով՝ ձերբակալվել է քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Ա. Կարոյանը։
Փետրվարին իրավապահ մարմինները ձերբակալել էին քաղաքապետարանի 8 աշխատակցի, որոնցից չորսը կալանավորվել են։