Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:
«Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով», – լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակություն 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարության մասին, որը գլխավորապես վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և այդ նպատակով փոխվարչապետերի աշխատանքային խումբ ստեղծելուն:
«Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում: Ռուսաստանն էլ իր հերթին շատ կոկիկ է աշխատում՝ ամբողջությամբ հարգելով թե՛ այս և թե՛ այն կողմի ինքնիշխանությունը: Մեր խնդիրն է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», – ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
0Comments