Լիսաբոնի համալսարանի (Պորտուգալիա) գիտնականները պարզել են, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարումով (բիպոլյար պսիխոզ) մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում Պարկինսոնի հիվանդության խնդրին: Մասնագետները նման եզրահանգման են եկել շուրջ 4,3 միլիոն մարդու մասնակցությամբ 7 հետազոտության արդյունքների վերլուծությունից հետո:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տրամադրության կտրուկ փոփոխությունների դեպքում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունն ավելի քան երեք անգամ ավելի բարձր է լինում, քան տրամադրության նման տատանումների բացակայության դեպքում: Ընդ որում՝ հետազոտությունը դիտորդական էր, իսկ գիտնականները չեն ապացուցել, որ հենց երկբևեռ աֆեկտիվ խանգարումն է հանգեցնում նման ծանր նյարդաբանական հիվանդության զարգացման:
Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ չի կարելի բացառել այն հավանականությունը, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարման դեպքում ընդունվող դեղորայքը կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման: Մեկ այլ տեսության համաձայն՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը նվազեցնում է դոֆամին նեյրոտրանսմիտերի մակարդակը, իսկ այս տարրի դեֆիցիտը համարվում է Պարկինսոնի հիվանդության զարգացման հիմնական պատճառը:
Հարկ է նշել, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը դրսևորվում է տրամադրության ու էներգիայի մակարդակի արտասովոր ու կտրուկ տատանումներով: Հիվանդությունն ախտորոշվում է մեկ տարվա ընթացքում 4 և ավելի մանիակալ, հիպոմանիակալ ու դեպրեսիվ դրվագների գրանցման դեպքում: Խանգարման զարգացման պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն լուրջ դեր կարող է խաղալ գենետիկ նախատրամադրվածության գործոնը:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
0Comments