Գիտնականները գլխուղեղի կաթվածը բուժող որդանման ռոբոտ են ստեղծել

Նոր սարքը դեռ չի փորձարկվել մարդկանց վրա, սակայն ինժեներներն արդեն ապացուցել են դրա գործառույթների արդյունավետությունը խոչընդոտներով փոքրիկ ուղու և գլխուղեղի մոդելի օգնությամբ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են փոքրիկ որդանման ռոբոտ, որը նախատեսված է գլխուղեղի կաթվածի բուժման համար: Սարքը տեղադրվում է գլխուղեղում և սկսում է դեղամիջոց մատակարարել ու մաքրել անոթներն արյան վտանգավոր մակարդուկներից: Գիտնականների հայտնագործության մասին գրել է Daily Mail պարբերականը:

Որդանման ռոբոտը պատրաստված է նիկելի և տիտանի խառնուրդից և պատված հիդրոգելով, որը թույլ է տալիս հեշտությամբ սահել առանց հյուսվածքները վնասելու: Հեղինակների խոսքով՝ սարքը կարելի է ներդնել հիվանդների օրգանիզմ ու կառավարել այն մագնիսների կամ ներքին շարժիչների միջոցով: Սարքի գործառույթը գլխուղեղի վնասված հատվածին դեղամիջոց հասցնելն ու լազերի միջոցով արյան մակարդուկներից ազատվելն է: Գիտնականները վստահ են, որ այս նորույթը կխնայի բժիշկների ժամանակն ու թույլ կտա ավելի արագ միջոցներ ձեռնարկել ու ազատվել կաթվածի հետևանքներից:

«Եթե գլխուղեղի սուր կաթվածը հնարավոր լինի բուժել առաջին 90 րոպեի ընթացքում, ապա հիվանդների ողջ մնալու հավանականությունը կտրուկ կաճի: Այս «ոսկե» ժամի ընթացքում մենք կկարողանանք խուսափել գլխուղեղի անդառնալի վնասվածքներից: Որդանման ռոբոտը մեր հույսն է», - նշում են գիտնականները:

Նոր սարքը դեռ չի փորձարկվել մարդկանց վրա, սակայն ինժեներներն արդեն ապացուցել են դրա գործառույթների արդյունավետությունը խոչընդոտներով փոքրիկ ուղու և գլխուղեղի մոդելի օգնությամբ: Մոտ ապագայում մասնագետները մտադիր են փորձարկել այն նաև մարդկանց վրա: