Արդեն երկու օր է իշխող խմբակցությունը հրապարակել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, բայց կարծես թե քաղաքական դաշնակիցներ նույնիսկ խորհրդարանում չի գտնում: Իհարկե, Իմ Քայլի պատգամավորների թիվը բավարար է միայնակ էլ անցկացնել այդ նախագիծը, սակայն այստեղ խնդիրը քաղաքական կոնսենսուսի առկայությունն է, որը չկա եւ չի կարող լինել ակնհայտ ոչ իրավական գործընթացների շուրջ: Խնդիրն այն է, որ եթե իշխանությունը չկարողանա հիմնավոր փաստարկներ ներկայացնել ՍԴ նախագահի դեմ դա կարող է դիտարկվել որպես իշխանության մյուս ճյուղի նկատմամբ ճնշման ակնհայտ փորձ՝ բոլոր վտանգավոր հետեւանքներով: Իսկ ընդդիմադիրները ըստ ամենայնի չեն ցանկանում մտնել այդ կեղտոտ խաղի մեջ: ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն այսօր էլ չշտապեց կարծիք հայտնել ներկայացված նախագծի վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Թող նախագիծը ներկայացվի ԱԺ-ում, որպեսզի 3/5 ձայներով այն ներկայացվի ՍԴ-ին: Սպասենք տեսնենք, թե ինչ հիմնավորումներ են ներկայացնելու, որովհետեւ նախաձեռնող կողմի վրա է ապացուցման բեռը, այլապես պատգամավորը հանուն ինչի՞ քվեարկի այդ նախագծի օգտին»: Ինչ վերաբերում է նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշմանը, պատգամավորը շեշտեց. «Անձնավորված կերպով կադրային հարցեր լուծելուց պետք է վեր կանգնել: Անձնական նկատառումներով մարդկանց չի կարելի նշանակել-ազատել: Հրայր Թովմասյանն աչքիս լույսը չի, նրան ԲՀԿ-ն դեմ է քվեարկել նախորդ գումարման ԱԺ-ում, բայց հիմա անձի խնդիր լուծել պետք չէ»:
ԼՀԿ-ական Անի Սամսոնյանն էլ հեգնում է՝ իշխանականները հայտնվել են իրենց փորած փոսում: Բացատրում է՝ օրենսդրական նախաձեռնությամբ իշխող ուժն ուզում է դադարեցնել ՍԴ դատավորի լիազորությունները: Մինչդեռ իշխանականները մինչ այդ տարբերակում էին մտցնում ՍԴ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթի միջեւ, հետեւաբար պարզ չէ՝ հիմա ՍԴ դատավորի՞ լիազորություններն են դադարեցնելու, թե՞ ՍԴ անդամի.<<Երբ մեզ մոտենում ու հարցնում էին, թե ի՞նչ կարծիք ունեք սահմանադրական ճգնաժամի մասին, մենք ասում էինք՝ որեւէ նման ճգնաժամ չկա: Այդ ճգնաժամը ստեղծել են նրանք, ովքեր ուզեցել են տեսնել ճգնաժամ, եւ այդ ճգնաժամը գալով խորացել է: Փաստորեն, ստացվում է մի բան՝ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնարկում է մի քայլ, որը հակասում է իր նախորդ ասածներին: Հիմա դատավորներ են, այն ժամանակ անդամներ էին: Սա պետք է հասկանալ, որովհետեւ այսպես նաեւ մենք հանրությանն ենք մոլորեցնում: Մենք ի վերջո իրավական երկիր ենք ուզում դառնալ եւ չենք կարող հանրությանը տալ իրար հակասող մեսիջներ ու փորձել լուծել մի ճգնաժամ, որը մենք ինքներս ստեղծել են>>: Սամսոնյանն ասաց, որ ԼՀԿ-ի համար կարեւոր է, թե կարգապահական խախտման ի՞նչ էական հիմքեր կներկայացնեն եւ պետք է հասկանալ՝ դա ո՞ւմ է վերաբերվում՝ միայն ՍԴ դատավոր նախագահ Հրայր Թովմասյանի՞ն, թե՞ նաեւ մյուս դատավորներին, ովքեր կատարել են այդ կարգապահական խախտումները, եթե կատարել են: «Եթե միայն մեկ դատավորի է դա վերաբերում, ուրեմն այստեղ կա նաեւ քաղաքական խնդիր: Մենք քաղաքական հարց ենք լուծում եւ քաղաքականացնում ենք ՍԴ-ն: Եթե նախկինում Հրայր Թովմասյանը Հանրապետականի ՍԴ-ի Հրայր Թովմասյանն էր, հիմա մենք ուզում ենք բերել մեկին, ով կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության ՍԴ-ի նախագահը: Այսինքն, մենք քանդում ենք ինստիտուտը, բայց ուզում ենք այնտեղ դնել մեր ուզած մարդուն, ՍԴ-ն սարքել մեր գրպանի ՍԴ-ն: Այդպես անթույլատրելի»:
Հիշեցնենք, որ նախագծում ընդամենը մեկ դատավորի դեմ են գործողություններն ուղղվում՝ Հրայր Թովմասյանի: Դիտարկմանը, որ իշխանականների կարծիքով ՍԴ-ն չի կարող քաղաքականացված կառույց լինել, դրանով պայմանավորված է նաեւ այս նախաձեռնությունը, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Եթե մենք հեռացնում ենք մեկ քաղաքական անձի, մենք չպետք է բերենք մյուս քաղաքական անձին: Իսկ մենք հիշում ենք Վահե Գրիգորյանի հայտարարությունները, որն ասում էր, որ ՍԴ-ն քաղաքական մարմին է: Այսինքն, մենք փոխում ենք մի քաղաքական մարմնին մյուս քաղաքական մարմնով»: Ինչպես տեսնում եք ընդդիմադիրները պարզապես մեղմ ասած «սատկացրեցին» իմքայլականներին, այսինքն անգամ յուրայինների մեջ նրանք չունեն համախոհ, ուր մնաց խորհրդարանից դուրս:
Անի Սահակյան
hayeli.am
0Comments