Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Ծանր, շատ ծանր իրողությունների մասին պետք է խոսեմ, առանց որի գիտակցման չի ստացվի գտնել ազգային առողջացման դեղատոմսը։ |
Երբ Արցախում պատերազմ էր, Ստեփանակերտի բնակիչները առաջին հերթին կենտրոնացել էին իրենց խնդիրների վրա՝ ինչ-որ տեղ մոռանալով, որ Հադրութն ու Մարտակերտը հանձնվում են։ Պատերազմից հետո Ստեփանակերտում մի կերպ տեղավորված Արցախցի փախստականներին նույն Արցախցիները այնպիսի աստղաբաշխական գների վարձով տներ տվեցին, որ երբեք Ստեփանակերտում այդպիսի գներ չէին եղել։ Տանտերերը վստահ էին՝ Հադրութից, Շուշիից, Քարվաճառից ու մյուս տեղերից տեղահանված հայերը հո դուրսը չե՞ն մնա, ինչքան թանկ լինի, փող կճարեն կտան։ Վարձով տանտերերին հետաքրքիր չէր, թե ինչերի միջով են անցել այդ մարդիկ և որ իրենց հայրենակիցներն են։
Հանձնվեց ամբողջ Արցախը։ Բոլոր Արցախցիները դարձան փախստական։
Հայաստանում մեծ հաշվով կենտրոնացել էին միայն սեփական խնդիրների վրա՝ մոռանալով, որ հանձնվում է Արցախը, զոհվում են ազգակից հայեր, ոչնչացվում են հայկական պատմամշակութային կառույցներ։
Հայաստանում սկսեցին աստղաբաշխական գներով վարձով տներ տալ Արցախի փախստականներին՝ օգտվելով մարդկանց մեծ հոսքից ու մեծ պահանջարկից։ Տանտերերը վստահ էին՝ Արցախցիները հո դուրսը չե՞ն մնա, ինչքան թանկ լինի, փող կճարեն կտան։ Վարձով տանտերերին հետաքրքիր չէր, թե ինչերի միջով են անցել Արցախցիները և որ իրենց հայրենակիցներն են։
2022 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններում շատ չէին մտածում, թե ինչ է կատարվում, ասենք, Գորիսում կամ Ջերմուկում, Վարդենիսում կամ Սիսիանում։ Մարդիկ կենտրոնացել էին սեփական խնդիրների վրա։
Հիմա թշնամական Ադրբեջանը էլի սպառնում է հարձակվել Մեղրիի, Վարդենիսի, Ջերմուկի, Երասխի, Բերդի վրա։ Հայաստանի հատկապես կենտրոնական վայրերում ապրող մարդիկ էլի կենտրոնացել են միայն սեփական խնդիրների վրա՝ մոռանալով երկրի սահմանամերձ բնակավայրերը։
Մտածեք շարունակության մասին, բայց հիշեք, որ ասֆալտից ու թոշակից ավելի կարևոր է անվտանգությունը, իսկ անվտանգության համար պետք է տեր կանգնել հայրենիքին։
Եթե դու չես կերակրում սեփական բանակին, ստիպված կլինես կերակրել թշնամու բանակին։
Եթե տեր չես կանգնում քո երկրին, ուրիշը հաստատ տեր կկանգնի քո երկրին»:
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
0Comments