Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. ՔՊ պատգամավոր

Մանրամասներ
պապոյան

Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի, Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, մեր ներքին գործն է: Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Դա Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ Սահմանադրությունը փոխելու իրավունք ունեցող սուբյեկտների և սահմանադրի՝ ժողովրդի որոշելիքն է: Եվ դա բացարձակապես կապված է Հայաստանի ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, այդպես չի լինելու, վստահաբար ասում եմ»:

Պատգամավորն ընդգծեց՝ եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, և նրանց քվեարկությունը 50 և ավելի տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրություն: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրություն չի փոխվի:

«Սա նշանակում է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը: Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, կողմ չի քվեարկի»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը շատ էական հանգամանք համարեց այն, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել և չեն կեղծվելու: «Եթե այդ գործընթացը տեղի ունենա, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, կրկին պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ 1 քվե կեղծվի, չպետք է կեղծվի 1 քվե, ես ինքս պայքարելու եմ, որ որևէ քվե չկեղծվի»,-ասաց Պապոյանը: