Արաբ աշխարհազորայինները հարձակվել են քրդերի դիրքերի վրա

Մանրամասներ
Արաբ աշխարհազորայիններ քրդեր

Արաբ ցեղախմբերի ջոկատները Սիրիայում Եփրատ գետի արևելյան ափին գրոհել են «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների դիրքերը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Al Watan պարբերականի՝ Դեյր էզ Զորի նահանգի Էս Սաավա և Ալ Հավայջ բնակավայրերի մոտ աշխարհազորայինները գնդացիրներով կրակ են բացել ՍԴՈւ-ի ուղեփակոցների մերձակայքում։ Զոհվել է մեկ քուրդ մարտիկ, կան վիրավորներ։ ՍԴՈւ-ի հրամանատարությունն արագորեն օգնական ուժեր է ուղարկել այդ շրջան և պատասխան գործողություն իրականացրել աշխարհազորայինների դեմ, որոնք կորուստներ են կրել և նահանջել  դեպի Սիրիական անապատի խորքը:

Սեպտեմբերի 25-ին արաբական «Ջեյշ ալ Աշաիր» աշխարհազորի ղեկավար շեյխ Իբրահիմ ալ Հաֆելը հայտարարել էր  քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին` սեպտեմբերի 6-ին ձեռք բերված զինադադարից հետո։ Նա հայտարարել էր, որ իր նպատակն է «Սիրիայի կառավարության իշխանության վերականգնումը Դեյր էզ Զորի ամբողջ տարածքում»։

ՍԴՈւ-ի և «Ջեյշ ալ Աշաիրի» միջև բախումները սկսվել էին օգոստոսի 27-ին․ սպանվել է 79 աշխարհազորային, 29 քուրդ մարտիկ և 10 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 200-ը։

Ցեղախմբերի շեյխերը ձգտում էին հասնել սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ավելի արդար բաշխման քրդերի և արաբների միջև: ՍԴՈւ-ի քաղխորհուրդը խոստացել էր ուսումնասիրել և բավարարել նրանց պահանջները, սակայն դա տեղի չի ունեցել։

2019 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ՍԴՈւ-ի վերահսկողության տակ են մնացել Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի հյուսիս-արևելքը, որտեղ կենտրոնացված են սիրիական նավթի հանքերը։ ԱՄՆ-ն, որն աջակցում է քրդերին, այդ տարածաշրջաններում ստեղծել է 9 ռազմակայան: