Հայաստանում բենզինի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին. գինը տնտեսապես կասկածներ է հարուցում

Մանրամասներ

Հայաստանում բենզինի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը վերաբերում էր բենզինի թանկացմանը։

«Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,– ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայի հիմնական 4 տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։ Գևորգյանը հայտնեց, որ իրենք ունեն ինքնարժեքի մասին տվյալներ, որոնք պատրաստ են փակ ռեժիմով քննարկման դեպքում ներկայացնել պատգամավորներին։

«Ավելին ասեմ` այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը` ցածր լինելու առումով»,– ասաց Գևորգյանը` համեմատության համար նշելով, որ Վրաստանի բենզալցակայաններում այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժե 364-365 դրամ։

Հայաստանում նույն տեսակի բենզինի վաճառքի գինը մինչև վերջին թանկացումը տատանվում էր 330-370 դրամի սահմաններում։

«Մեր կարծիքով` դեմպինգը շատ ավելի մեծ վնաս է պատճառում, քան գների բարձրացումը։ Մենք հիմա շատ ուշադիր հետևելու ենք։ Պարզաբանվելու է մեզ համար, թե ինչպես է ՀՀ–ում բենզինի 1 լիտրը վաճառվել 350 դրամով»,– ասաց ՄՊՀ նախագահը։

Ինչ վերաբերում է հեղուկ գազի շուկային, որտեղ ևս վերջին շրջանում մի քանի տասնյակ դրամի թանկացում է գրանցվել։ Գևորգյանի դիտարկմամբ` թանկացումը համահունչ է ինվոյսային գների փոփոխությանը։

Բացի այդ, ՄՊՀ տվյալներով` հեղուկ գազի շուկան մրցակցային է։ 80–ից ավելի ընկերություն հեղուկ գազ է ներմուծում ՀՀ, և նրանցից ոչ մեկը չունի 13 տոկոսից ավելի կենտրոնացվածություն։

Այդ պայմաններում, ՄՊՀ նախագահի դիտարկմամբ, հակամրցակցային համաձայնության մասին խոսելն անհիմն է։