Սահմանապահ զորքերը կարգազանց օտարերկրացիների նկատմամբ տույժեր նշանակելու իրավասություն կստանան

Մանրամասները՝ տեսանյութում

2022-ի հունվար- հոկտեմբերին օտարերկրացիները այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով մեր երկրում կատարել են 87876 իրավախախտում: Սրանք միայն տեսանկարահանող սարքերով արձանագրվածներն են, վիճակագրությունն է ներկայացնում ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:

Արման Չիլինգարյան (ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ) - 10 ամսվա ընթացքում միայն օտարերկրացիների կողմից տրանսպորտային միջոցներով կատարած խախտումների մասով պետական բյուջե է գանձվել 243 միլիոն դրամ: Այս իրավախախտումները տեխնիկական սարքավորումներով հայտնաբերված 6.5 տոկոսն է կազմում:

Կառավարությունը ՀՀ- ում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած օտարերկրացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ է սահմանում: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 1-ից Հայաստանի տարածքում երթևեկության կանոնները խախտած արտասահմանցիները հենց սահմանային անցակետում՝ Հայաստանի սահմանը հատելուց առաջ կստանան իրավախախտման մասին վարչական ակտը: Մինչև այժմ գործառույթն իրականացնում էր Ճանապարհային ոստիկանությունը, այսուհետև այն սահմանապահների լիազորությունն է:

Արման Չիլինգարյան - Նույն ընթացքում սահմանային անցակետերում 18631 օտարերկրացու հանձնվել է 55427 որոշում, այստեղ պետք է շեշտեմ, որ սրանք ոչ միայն այս տարվանն են, այլ կան նաև 2021, 2020 թվականներին կատարված խախտումներ:

Իսկ եթե վարչական ակտը կայացվել է Հայաստանի սահմանը հատելուց հետո, ապա չվճարած ակտի ծանուցումը օտարերկրացին կստանա հաջորդ անգամ Հայաստան այցելելիս, և մինչև մեր երկիր մուտքի իրավունք ստանալը պետք է վճարի նախկինում կատարած խախտման գումարը:

Արման Չիլինգարյան - Եթե այդ անձը սահմանված՝ երկամսյա ժամկետում վճարում չի իրականացնում ծանուցումից հետո, ապա այդ անձի մուտքը սահմանափակվում է Հայաստան մեկ տարի ժամկետով:

ՃՈ դեպքերից բացի, սահմանապահ զորքերին նույն որոշմամբ իրավունք է վերապահվելու նաև քննելու, վարչական տույժեր նշանակելու Հայաստանում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի, նաև՝ անվավեր փաստաթղթերով բնակվելու դեպքում` այն պարագայում, երբ օտարերկրացին Հայաստանում առանց հաշվառման ապրելու իրավունք ունի առավելագույնը 180 օր:

Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Օրինակ, եթե պահանջվում է կացության կարգավիճակ որևէ գործունեություն իրականացնելու համար, սակայն օտարերկրացին չի անցնում ընթացակարգը կամ 180 օր ժամկետը գերազանցել է և չունի որևէ փաստաթուղթ, ապա ՀՀ սահմանը հատելիս ենթարկվում է վարչական տուգանքի` 50.000 դրամ:

Մեր երկրում ավելի երկար բնակվելու համար օտարերկրացին պետք է որոշի` ինչով է զբաղվելու, որտեղ է հաշվառվելու որպեսզի ստանա կացության կարգավիճակ: Միգրացիոն օրենսդրության այս նորմերը խախտելու պարագայում խիստ ընթացակարգ է գործում՝ ընդհուպ հարկադիր վերադարձ մշտական բնակության երկիր:

Նելլի Դավթյան - Օտարերկրացին, երբ ուզում է հատել ՀՀ սահմանը, և սահմանապահը տեսնում է, որ նա կատարել է վարչական իրավախախտում, ասենք` Հայաստանում առանց կարգավիճակի բնակվել է 190 օր կամ ավելի, անկախ նրանից` նա վճարում է տուգանքը, թե ոչ, նրա մեր երկիր մուտքը արգելվում է մեկ տարի ժամկետով: Մեկ տարի անց մեխանիկորեն այդ արգելքը հանվում է:

Այս տարվա առաջին 9 ամսում օտարերկրացիների՝ ՀՀ պետական սահմանահատումների ելքի և մուտքի տարբերությունը կազմել է մոտ 51..000, միայն ՌԴ քաղաքացիների ելումուտը 42.000 է:

1lurer.am