Hyundai Motor ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 96 300 ավտոմեքենա՝ ծրագրային ապահովման (ԾԱ) սխալի պատճառով, որը կարող է հանգեցնել սարքերի վահանակի էկրանի անսարքության։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության տվյալներին։
Ինչպես նշվել է, հետկանչը կվերաբերի 2025 և 2026 թվականներին թողարկված Tucson, Tucson Hybrid և Tucson Plug-In Hybrid մոդելների որոշ քրոսովերների։ Կարգավորող մարմինը նշել է, որ անսարքության պատճառով էկրանը կարող է չցուցադրել կարևոր տեղեկատվություն, ներառյալ արագաչափի տվյալներն ու նախազգուշացնող ազդանշանները։ Դա, իր հերթին, մեծացնում է վթարի վտանգը։
Reuters-ի տեղեկացմամբ՝ Hyundai-ի դիլերները անվճար կթարմացնեն սարքերի վահանակի էկրանի ծրագրային ապահովումը։
