Honda ճապոնական ավտոարտադրող ընկերությունն անսպասելիորեն հրաժարվել է իր ամենահավակնոտ էլեկտրական մեքենաների՝ Honda 0 Saloon եւ Honda 0 SUV շարքերի սեդանի եւ ամենագնացի մշակումից, հաղորդել է Autocar-ը։

Այս մոդելները նախատեսված էին ընկերության էլեկտրական մեքենաների նոր շարքի հիմքը կազմելու համար, սակայն նախագիծը չեղարկվեց արտադրության մեկնարկից ընդամենը մի քանի ամիս առաջ։

Էլեկտրական մեքենաները Honda 0 շարքի ընտանիքի մաս էին կազմում, որը ներկայացվում էր որպես ապրանքանիշի երկարաժամկետ էլեկտրիֆիկացման ռազմավարության հիմնական մաս։

Կոնցեպտները առաջին անգամ ցուցադրվել են 2024-2025թթ․ սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում, իսկ արտադրական տարբերակները նախատեսվում էր շուկա դուրս բերել արդեն 2026-ից՝ սկսած Հյուսիսային Ամերիկայից։

Երկու մեքենաներն էլ պետք է կառուցվեին նոր թեթեւ հարթակի վրա եւ արտադրվեին Օհայոյի գործարանում: Դրանք պետք է դառնային «0» շարքի նախատեսված յոթ էլեկտրական մեքենաներից առաջինը, որոնք Honda-ն հույս ուներ ներկայացնել մինչեւ 2030թ․։

Սակայն ընկերությունը որոշեց ամբողջությամբ դադարեցնել նախագիծը՝ վատթարացող ֆինանսական վիճակի եւ էլեկտրական մեքենաների շուկայում փոփոխվող պայմանների պատճառով: Honda-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս մոդելների թողարկումը էլեկտրական մեքենաների պահանջարկի նվազման պայմաններում կարող էր հանգեցնել ավելի մեծ կորուստների:

Որոշման վրա ազդել են նաեւ ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների համար կառավարության քաղաքականության եւ խրախուսման փոփոխությունները, մրցակցության աճը, մասնավորապես՝ չինական արտադրողների կողմից, եւ ծրագրային ապահովման ու տեխնոլոգիաների արագ զարգացումը, որտեղ Honda-ն, իր իսկ խոստովանությամբ, սկսել է հետ մնալ։

Արդյունքում՝ ընկերությունը վերանայում է իր էլեկտրիֆիկացման ռազմավարությունը եւ կարող է կենտրոնանալ հիբրիդային մոդելների վրա, որոնք ներկայում մնում են ավելի շահութաբեր եւ պահանջարկ ունեն հիմնական շուկաներում։

Share.