Շաբաթ առավոտյան, երբ իսրայելական ռումբերն ընկել են Թեհրանում Իրանի գերագույն առաջնորդի նստավայրի վրա, այաթոլա Ալի Խամենեին տեղում հանդիպում էր իր մի քանի գլխավոր խորհրդականների հետ, գրում է Axios-ը։
Նա չէր սպասում, որ դա տեղի կունենա։
«Ամերիկա-իսրայելական համատեղ գործողությունը, որի հետևանքով սպանվել է Խամենեին, դարձել է երկամսյա այն ժամանակահատվածի գագաթնակետը, որի ընթացքում նախագահ Թրամփը զուգահեռաբար վարում էր թե՛ դիվանագիտություն, թե՛ պատերազմ։ Ուրբաթ օրը նա ընտրել է պատերազմը»,- ընդգծում է պարբերականը։
Ըստ հոդվածի հեղինակների՝ լրագրողներ Բարաք Ռավիդի և Մարկ Կապուտոյի, դեկտեմբերի վերջին Իրանում ժողովրդական ապստամբությամբ սկսված ճգնաժամը Թրամփի ոճով էր՝ լի անսպասելի շրջադարձերով, վերջին պահի փոփոխություններով և կանխամտածված ապատեղեկատվությամբ։
«Ի վերջո, անորոշությունն ինքնին դարձավ ռազմավարական առավելություն՝ Իրանի ղեկավարությանը խոցելի դարձնելով իսրայելական զինուժի կողմից երբևէ իրականացված խոշորագույն օդային հարձակման նկատմամբ»,- գրում է լրատվամիջոցը։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, շաբաթ օրվա գործողության նախադրյալները դրվել էին դեկտեմբերի վերջին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր Թրամփին Մար-ա-Լագո։
«Իրանում նոր էին սկսվել վարչակարգի դեմ բողոքի ցույցերը, և դեռ պարզ չէր, թե որքան նշանակալի կլինեն դրանք։ Նեթանյահուն օգտվեց այդ հանդիպումից՝ քննարկելու հետագա քայլերը՝ կապված անցյալ տարվա համատեղ հարվածների հետ, որոնք հիմնականում ուղղված էին բալիստիկ հրթիռների ոլորտում Իրանի հնարավորությունների դեմ և նախնական պլանավորված էին մայիսի համար։ Մի քանի օր անց հաշվարկները փոխվեցին»,- ասված է հոդվածում։
Հունվարի 14-ին Թրամփը մոտ էր հարվածի մասին հայտարարելուն, սակայն մտափոխվեց։ Փոխարենը նա հրամայեց Մերձավոր Արևելքում ռազմական ուժերի զանգվածային կուտակում սկսել և սկսեց գաղտնի պլանավորել Իսրայելի հետ համատեղ գործողությունը։
Հաջորդ շաբաթների ընթացքում «Մոսադի» տնօրենը երկու անգամ այցելել է Կոլումբիայի շրջան, նրան հաջորդել են Իսրայելի ռազմական հետախուզության պետը և ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբի պետը. նրանք բոլորը համակարգում էին այն, ինչը հետագայում վերածվեցին «Էպիկական զայրույթ» և «Առյուծի մռնչյուն» գործողությունների։
Միևնույն ժամանակ Թրամփն ուսումնասիրում էր՝ արդյոք ռազմական լծակները կարող են հանգեցնել իր պայմաններով Իրանի հետ գործարքի կնքմանը։
«ԱՄՆ-ն և Իրանը հանդիպել են Օմանում փետրվարի սկզբին՝ առաջին անգամ անցյալ հունիսի 12-օրյա պատերազմից հետո։ Մի քանի օր անց Նեթանյահուն շտապ մեկնել է Վաշինգտոն՝ քննարկելու ԱՄՆ-ի «կարմիր գծերը» բանակցություններում և այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն ու Իսրայելը կսկսեն համատեղ ռազմական գործողություն, եթե բանակցությունները ձախողվեն։ Հենց սկզբից Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը թերահավատորեն էին վերաբերվում գործարքի հնարավորությանը, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի երեք պաշտոնյաներ ընդգծել են, որ սկզբնապես Ժնևում միջուկային բանակցություններն ամբողջությամբ խաբեություն չէին»,- գրում է պարբերականը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի, Թրամփը ցանկանում էր փորձել համաձայնության հասնել, և իրանցիներին հստակ ասվել էր, որ ռազմական հարվածներ «կհասցվեն, եթե շատ արագ իրական առաջընթաց չտեսնենք իրական գործարքի հարցում»։
Ժնևի հանդիպումից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են հարձակման հնարավոր ժամկետի շուրջ՝ առաջիկա շաբաթ օրը, երբ Խամենեին սովորական հանդիպում կունենա իր բարձրաստիճան օգնականների հետ կառավարական համալիրում։
Սակայն նրանց առջև կոնկրետ խնդիր էր դրված՝ թույլ չտալ, որ Խամենեին որևէ բան կասկածի և թաքնվի իր ստորգետնյա բունկերում։ Իսրայելի հետախուզության ներկայացուցիչն ասել է, որ Axios-ի հոդվածը, որտեղ հիշատակվում էր Խամենեիի դեմ մահափորձի հնարավորությունը, մտահոգություն է առաջացրել զինվորականների շրջանում, սակայն իրանցի առաջնորդը չի փոխել իր պլանները։
Երբ Քուշները և Ուիթքոֆը հինգշաբթի մեկնել են Ժնև, նրանք արդեն կասկածում էին, որ գործարք կլինի, բայց, այնուամենայնիվ, անցկացրել են հանդիպումը։ Դա Իրանում պահպանում էր այն հավատը, թե դիվանագիտությունը շարունակվում է։
«Գործարքներ կնքելու կանոններից մեկն այն է, որ դուք պետք է շատ արագ հասկանաք՝ կա՞ գործարք կնքելու հնարավորություն, թե՞ ոչ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Ըստ լրատվամիջոցի, դահլիճում ներկա իրանցիները նույնիսկ մոտ չեն եղել ԱՄՆ-ի ամենաճկուն դիրքորոշումը հասկանալուն։
Առաջին նիստից հետո Քուշները և Ուիթքոֆը պաշտպանված կապով զանգահարել են փոխնախագահ Վենսին և հայտնել նրան, որ տարաձայնությունները դեռ մեծ են։ Այդ երեկո տեղի ունեցած երկրորդ փուլը ոչինչ չի փոխել։
«Քուշները և Ուիթքոֆը հասկացել են, որ իրանական առաջարկն անհեթեթություն է և արվել է միայն ժամանակ շահելու համար»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
«Այնտեղ չկար որևէ բան, որի վերաբերյալ հնարավոր լիներ աշխատել»,- հավելել է նա։
Մեկ այլ պաշտոնյա հենց սկզբից Իրանի ռազմավարությունը բնութագրել է որպես «խաղեր, հնարքներ, ժամանակ ձգելու մարտավարություն»։ «Մենք այդ մասին զեկուցել ենք նախագահին, և, ակնհայտ է, որ նա կշռադատել է տարբերակները»,- ասել է պաշտոնյան։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ երեք ոլորտ կար, որոնց շուրջ նրանք չէին կարողանում համաձայնության գալ Իրանի հետ։ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել էր անվճար միջուկային վառելիք քաղաքացիական միջուկային ծրագրի համար անորոշ ժամկետով՝ ուրանի հարստացումից հրաժարվելու դիմաց։ Իրանցիները մերժել են։ «Դա շատ կարևոր էր»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
Նաև իրանցիները «բոլոր դեպքերում» հրաժարվել են քննարկել իրենց հրթիռային հնարավորությունները։ «Մենք չենք կարող շարունակել ապրել մի աշխարհում, որտեղ այս մարդիկ ունեն ոչ միայն հրթիռներ, այլև դրանք ամսական 100 հատ մշտական հիմունքներով արտադրելու հնարավորություն՝ ցանկացած պոտենցիալ պաշտպանություն ճնշելու համար»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
Իրանը նաև հրաժարվել է դադարեցնել «ամբողջ տարածաշրջանում գրոհային խմբավորումների ֆինանսավորումը, որոնք, ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, տասնամյակներ շարունակ ապակայունացրել են Մերձավոր Արևելքի իրավիճակը»։
Բանակցություններից առաջ և դրանց ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ հետախուզությունը հստակ ցույց է տվել՝ Իրանն արդեն վերականգնում է այն միջուկային օբյեկտները, որոնք, ըստ Թրամփի, «ոչնչացվել էին» անցյալ հունիսին «Կեսգիշերային մուրճ» գործողության ժամանակ։
Երբ Քուշները և Ուիթքոֆը խնդրել են ներկայացնել կոնկրետ առաջարկ, իրանցիները ներկայացրել են յոթ էջանոց փաստաթուղթ, որտեղ շարադրված էին ուրանի հարստացման կարիքները, որոնք, ըստ նրանց պնդման, օգտագործվում էին քաղաքացիական նպատակներով։ Թրամփի թիմը համադրել է թվերը ՄԱԿ-ի միջուկային ծրագրի հետ։
«Դա կհանգեցներ հարստացման հզորությունների մոտ հնգապատիկ աճի՝ 2015 թվականի միջուկային գործարքով նախատեսվածի համեմատ»,- ասել է պաշտոնյաներից մեկը։ Պաշտոնյաները նաև հայտարարել են, որ Իրանը գաղտնի կուտակել է հարստացված նյութ Թեհրանի հետազոտական ռեակտորում՝ բժշկական հետազոտությունների քողի տակ։
«Նրանք ոչ մի անգամ չեն օգտագործել տրոհվող նյութը նույնիսկ մեկ դեղամիջոց արտադրելու համար,- ասել է պաշտոնյաներից մեկը։- Այդ ամենն արվել էր խաբեության նպատակով»։
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ այս տեղեկատվությունը հիմնականում հիմնված է հարվածներից հետո ԱՄՆ-ի և դաշնակիցների պաշտոնյաների հայտարարությունների վրա և չի կարող հաստատվել անկախ աղբյուրների կողմից։
