Փաշինյանին սկսել է դուր գալ Սերժ Սարգսյանի համար ստեղծված ավտորիտար կառավարման համակարգը. քաղտեխնոլոգ

Իշխանության եկած ուժը հայտարարում էր, որ թափանցիկության կողմնակից է, բայց լրիվ հակառակ գործելաոճ ենք տեսնում

Կառավարության կառուցվածքը փոխելու իշխանությունների կատարած աշխատանքն իր ձեւով շատ նման էր նախկին իշխանությունների գործելաոճին, երբ երկու ամսից ավելի դրա մասին խոսվում է, բայց դա ինչ-որ գերգաղտնի պայմաններում է արվում եւ հրապարակային որեւէ  քննարկում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, չկա որեւէ քննարկում, թե որ նախարարությունը կարելի է լուծարել, որ նախարարությունները կարելի է միացնել կամ չի կարելի միացնել:

«Չնայած իշխանության եկած ուժը հայտարարում էր, որ ինքը թափանցիկության կողմնակից է, բայց կոնկրետ այս ոլորտում մենք տեսնում ենք լրիվ հակառակ գործելաոճ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, քաղտեխնոլոգը նշեց, որ դա ձեւել էր նախկին իշխանությունը, որպեսզի իր լիդեր Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ինչը լուրջ քննադատության էր արժանանում նաեւ այն ժամանակ ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից: «Մենք տեսնում ենք, որ իշխանափոխությունից հետո այդ ինստիտուտը մնացել է նույնը: Ավելին, կարող ենք ասել, որ այդ ինստիտուտը պահպանվելու է: Այստեղ կարող ենք փաստել, որ կուսակցապետ Նիկոլ Փաշինյանը հաղթեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ եթե դու սուպերվարչապետի ինստիտուտը վերացնում ես, դու դա անում ես հետագայի համար: Այսինքն դու հիմքն ես դնում երկրում ժողովրդավարության զարգացման համար, ինստիտուտների գործունեության հիմնք ես դնում: Բայց ցավոք, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի մեջ ավելի շատ կուսակցապետն է խոսում, քան պետական գործիչը: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանին սկսել է դուր գալ Սերժ Սարգսյանի համար ստեղծված ավտորիտար կառավարման համակարգը»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ կողմ է, որ ՊԵԿ-ն ու ոստիկանությունը դառնան նախարարություն եւ հաշվետու լինեն խորհրդարանին, իսկ ԱԱԾ-ն կարող է մնալ նույն կարգավիճակում. «Ոստիկանության եւ ՊԵԿ-ի հետ շփվում են հազարավոր մարդիկ տարբեր հարցերով: Այդ շփումների ժամանակ մարդիկ խնդիրներ են ունենում եւ դրանք լուծելու համար այդ կառույցները պետք է հաշվետու լինեն ԱԺ-ին եւ ընդդիմությունը կարողանա  այդ խնդիրները բարձրաձայնել, հարցեր ուղղել:  Հիմա այդ կառույցները հաշվետու են միայն իշխող ուժին: Բայց կարծես թե վարչապետը չի ցանկանում, որ դրանք դառնան հաշվետու ԱԺ-ին, միգուցե նաեւ այն պատճառով, որ դրանց հետ կապված խնդիրները չդառնան իր հասցեին քննադատության լրացուցիչ գործոն»,-ասաց Բադալյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 7-8 ամսում երկրում բռնապետությո՞ւն է ստեղծվել, որ մտավախություն կա եւ ցանկություն, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է անպայման դառնան նախարարություն, քաղտեխնոլոգն ասաց. «Սա էլի նրա եսն է խոսում: Նա պետական համակարգի փոփոխության հիմքում դնում է իր անձի խնդիրը: Այսինքն եթե ինքը բռնապետություն չի ստեղծել, նշանակում է այդ հարցը չպետք է բարձրացնել: Իսկ պետական գործիչը հիմքում դնում է ոչ թե անձի, այլ ինստիտուտների գործոնը: Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ քանի որ ես բռնապետ չեմ, թող կառավարման համակարգը այսպես էլ մնա»:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է նաեւ, որ եթե այդ կառույցները դառնան նախարարություններ կքաղաքականացվեն, Արմեն Բադալյանն ասաց. «Շատ նորմալ է, որ նախարարը քաղաքական գործիչ է, քանի որ նրանք քաղաքականություն են իրականացնում: հարկային եւ մաքսային ոլորտում եւս քաղաքականություն է իրականացվում: ՊԵԿ նախագահը եւս պետք է քաղաքական թիմի մաս կազմի ու քաղաքականություն մշակի: Դրա համար էլ պետք է դառնա նախարարություն: Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ նախարարը լինի կուսակցական, բայց նա քաղաքական թիմի անդամ է: Ի դեպ, նախարարությունը չի քաղաքականացվում, պարզապես նախարարն է քաղաքական պաշտոնյա»: