Նոյեմբերի 20-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության առնվազն 73 քաղաքներում ցույցեր կանցկացվեն։ Տարբեր խմբերի ակցիաները կմեկնարկեն դեռ կեսօրից առաջ և կշարունակվեն մինչև ուշ երեկո։
Բողոքի ցույցերին մասնակցում են Gen Z regelt («Z սերունդն է որոշում») նախաձեռնությունը, Schulstreik gegen Wehrpflicht («Դպրոցական գործադուլ ընդդեմ զորակոչի») շարժումը և Գերմանիայի դպրոցականների դաշնային համաժողովը (BSK)։
Կազմակերպությունների պահանջները ոչ բոլոր հարցերում են համընկնում։ Օրինակ՝ Gen Z regelt-ի կայքում ձևակերպված են վեց հիմնական պահանջներ՝ դպրոցների, կախվածություններ ունեցող մարդկանց աջակցության ծառայությունների և հոգեթերապիայի ֆինանսավորման ավելացում։ Նրանք միաժամանակ հանդես են գալիս կյանքի թանկացման և պարտադիր զինվորական ծառայության դեմ, ինչպես նաև կլիմայի պաշտպանության միջոցառումների ուժեղացման օգտին։
Դպրոցականների դաշնային համաժողովը (BSK) տարանջատվել է Gen Z regelt շարժումից և սեփական ցույցն է կազմակերպում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որին, ինչպես սպասվում է, կմասնակցի մինչև 5000 մարդ։
Բողոքի ցույցերին ըմբռնումով է մոտեցել կրթության նախարար Կարին Փրինը. «Երիտասարդները լսված լինելու լիակատար իրավունք ունեն, և մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք նրանց խոսքերին»։ Նա հայտարարել է նաև, որ երիտասարդ սերնդի մտահոգությունները «անհիմն չեն»։ «Մենք չպետք է թերագնահատենք այդ խնդիրների կարևորությունը»,- հայտարարել է Փրինը։ Միաժամանակ նա հավելել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է։
Գերմանիայում երիտասարդների բողոքի ցույցերի նախորդ ալիքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին։ Սկզբում խաղաղ ակցիաները վերածվել էին թալանի և իրավապահների հետ բախումների։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտն անկարգությունները կապել էր «ձախակողմյան խմբերի և ներգաղթյալների միջավայրից խուլիգանների» գործողությունների հետ։
