Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային վերացումը, եթե Մոսկվան պատրաստ լինի խաղաղ բանակցությունների և զիջումների, հաղորդում է DW-ն։ «Փոխարենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փուլ առ փուլ կվերացվեն՝ որոշակի պայմանների կատարման դեպքում»,- նշել է Մերցը։
«Ժամանակն է վայր դնել զենքը»,- հայտարարել է ԳԴՀ կանցլերը՝ դիմելով Մոսկվային։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային ցուցաբերվող արևմտյան երկրների ռազմական աջակցությունն ուղղված է ոչ թե պատերազմի ձգձգմանը, այլ բանակցությունների համար պայմանների ստեղծմանը։
«Մենք ցանկանում ենք ավարտել այս պատերազմը։ Մենք մեր ներդրումն ենք ունենում, որպեսզի Ուկրաինան կարողանա արդյունավետորեն պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- պարզաբանել է Ֆրիդրիխ Մերցը։
Ըստ Մերցի՝ տարածքային հարցերի շուրջ բանակցությունների հիմքը պետք է դառնա ռուսական և ուկրաինական զորքերի շփման ներկայիս գիծը։ Մերցը միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան պետք է պահպանի արևմտյան կառույցներին ինտեգրվելու իրավունքը և հրադադարից հետո անվտանգության հուսալի երաշխիքներ ստանա։
