Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Դրա մասին նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հաղորդում է Reuters-ը։

«Եվրոպացիները կմիանան հաջորդ հանդիպմանը։ Մենք դա շատ կարևոր պահ ենք համարում, քանի որ նրանք մեր գործընկերներն են, և մեզ համար կարևոր է, որ նրանք մասնակցեն»,- ասել է Ուիթքոֆը։

Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները պետք է մեկնեին Դուբլին, որտեղ նախատեսում էին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Եվրոպայի ներկայացուցիչների ներգրավումը բանակցային գործընթացում կարող է կարևոր փոփոխություն դառնալ պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերում։ Այս շաբաթվա սկզբին Աբու Դաբիում կայացել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները։ Կողմերը հայտնել են որոշակի առաջընթացի մասին, սակայն էական տարաձայնությունները, այդ թվում՝ տարածքային հարցերի շուրջ, պահպանվում են։

Քուշները, որը նույնպես մասնակցել է Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ամերիկյան կողմը եվրոպացիների դիրքորոշման մեջ «մեծ փոփոխություններ» է նկատել և ակնկալում է, որ բանակցային ձևաչափի ընդլայնումը չի խոչընդոտի խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։

Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից, սակայն եվրոպական երկրներին մեղադրել է Ռուսաստանի հետ շփումները դադարեցնելու մեջ։ Նա նաև զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։

Ռուսաստանի նախագահը Վաշինգտոնին կոչ է արել աշխատել եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի նրանք հստակեցնեն, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում։

Դիվանագիտական շփումների ֆոնին Զելենսկին հայտնել է ուկրաինացի զինվորականների կողմից օգտագործվող Starshield արբանյակային կապի աշխատանքի նոր սահմանափակումների մասին։ Նրա խոսքով՝ խափանումներն ընդգրկել են ռազմաճակատի ամբողջ գիծը և բարդացրել ռուսական ռեակտիվ անօդաչուների դեմ ուկրաինական կալանիչ անօդաչուների կիրառումը։

Share.