Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է միջազգային կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին, որը կնպաստի պաշտպանության ոլորտում արհեստական բանականության ներդրմանը։ Կենտրոնի բացումը նախատեսված է 2027 թվականի ամռանը, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարարության ներկայացուցիչը, Փարիզն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կճանաչի նոր կառույցը։ Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով կանցկացնեն՝ ներկայացնելու կենտրոնի ստեղծման ծրագրերը։

Արհեստական բանականությունը մարտական գործողությունների վարման կարևոր գործիք է դարձել 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Նման տեխնոլոգիաները հնարաբվորություն են տալիս արագացնել մարտադաշտում որոշումների ընդունումը՝ անօդաչու թռչող սարքերից, արբանյակներից և այլ սենսորային համակարգերից ստացվող մեծ ծավալի տվյալների մշակման ու վերլուծության շնորհիվ։

Միևնույն ժամանակ, Եվրոպան շարունակում է կախված մնալ արհեստական բանականություն կիրառող ռազմական ծրագրային ապահովման ամերիկյան մշակողներից։ Մասնավորապես, եվրոպական զինված ուժերն օգտագործում են ամերիկյան Palantir ընկերության լուծումները։

Միջազգային կենտրոնի ստեղծումը պետք է օգնի Եվրոպային ամրապնդել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում սեփական կարողությունները և նվազեցնել կախվածությունն ԱՄՆ-ից։ Միաժամանակ, նախագծի ֆինանսավորումն ու մասնակից երկրների կազմը դեռ որոշված չեն։

Share.