Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը կարծում է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որոշ գաղտնի փաստաթղթերին։
«Վստահ եմ, որ սահմանափակվելու է որոշ փաստաթղթերի հասանելիությունը, որոնք ընդհանրապես գաղտնի բնույթ են կրում», – հայտարարել է Ռիժենկովը։
Նախարարի խոսքով՝ կասկածելի է նման փաստաթղթերին «այդպիսի կեղծ դաշնակցի» հասանելիություն տրամադրելը, քանի որ տեղեկությունները կարող են օգտագործվել ինտեգրացիոն միության զարգացմանը միտված երկրների շահերին ոչ նպաստավոր նպատակներով։
Ռիժենկովը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը փոխել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ երկրի ղեկավարությունը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դրսևորում է «պասիվ մասնակցություն»՝ այդ կառույցներից վերցնելով միայն այն, ինչն իրեն ձեռնտու է։
Նա, մասնավորապես, մատնանշել է գազի և նավթի գները, ինչպես նաև հայկական ապրանքների՝ վերջնական սպառողին հասցնելու հնարավորությունը։
