ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նախագահ Դոնալդ Թրամփի հավանությամբ, դիմել է Չինաստանին՝ խնդրելով օգտագործել Թեհրանի վրա ունեցած ազդեցությունը՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Պեկինն արդեն այդ ուղերձը փոխանցել է իրանական կողմին։ Նախաձեռնությունը Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերի մի մասն է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը, ըստ հաղորդումների, համակարգում է Իրանի հարցով դիվանագիտական գործընթացը, դեռ անցյալ ամիս հաշտեցման ուղերձ էր հղել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։ Թեհրանը այդ դիմումն ընկալել է որպես «հարգանքի ժեստ», սակայն ցանկանում է համոզվել ամերիկյան երաշխիքների հուսալիության մեջ, գրում է պարբերականը։
Բացի այդ, Թրամփը սեպտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ նույնպես դիմել էր նրան՝ Իրանի հարցում աջակցություն խնդրելով։ Պարբերականի տվյալներով՝ Սին մասնավոր զրույցում համաձայնել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
Կատարցի միջնորդ Ալի Ալ-Թավադիի խոսքով՝ իրանական կողմը ուշադիր հետևում է, թե ԱՄՆ-ում ընտրություններից հետո որքանով են փոխվել Վաշինգտոնի մոտեցումները։
